Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն մեկ արգելք կա Սերժ Սարգսյանի համար»

Սեպտեմբեր 04,2015 15:00
kim balayan

ՍԴ անդամ Կիմ Բալայանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը
չէր կարող պարտադրած լինել բարեփոխումների հանձնաժողովին

Օրեր առաջ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ա1+»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովից ներքին տեղեկություններ ունեն, որ հանձնաժողովի հետ մշակվել է մի պլան, համաձայն որի` Սերժ Սարգսյանը մտադիր է որպես ԱԺ նախագահ շարունակել ղեկավարել երկիրը, բայց ոչ թե 2017-ին, այլ 2018-ին: Նա մասնավորապես նշել է. «Սահմանադրական հանձնաժողովից ունենք ներքին ինֆորմացիա, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություն են մտցնելու, ըստ որի` ոչ թե երբ ինչ-որ մեկը ցուցակից մանդատը վայր է դնում, մանդատը հասնում է հաջորդաբար մյուսին, այլ ցուցակի հենց սկզբից կարող են մանդատը վերցնել նրանք, ովքեր հրաժարվել են մանդատից: Իսկ ցուցակը ղեկավարելու է Սերժ Սարգսյանը: Նա հասկանալի պատճառով նախապես հրաժարվելու է այդ մանդատից, քանի որ շարունակելու է իր պաշտոնավարումը որպես ՀՀ նախագահ, իսկ երբ 2018-ին ինչ-որ մեկը մանդատ է դնելու, այդ ժամանակ Սերժ Սարգսյանի առաջ հարց է ծագելու` արդյոք վերցնո՞ւմ է այդ մանդատը, թե՞ ոչ: Բնականաբար, նա կհայտարարի, որ չի կարող հրաժարվել այդ պատասխանատվությունից, իսկ այդ ժամանակ հրաժարական կտա ՀՀ ԱԺ նախագահը, եւ ինքը կստանձնի այդ պաշտոնը: Սա այն պլանն է, որ թաքցվում է ժողովրդից»:

«Առավոտը» Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանից հետաքրքրվեց՝ հանձնաժողովը իրավական առումով կարո՞ղ է այնպիսի փոփոխություններ կատարել նոր Սահմանադրության տեքստում, որ 2018-ին Սերժ Սարգսյանը կարողանա իր իշխանությունը պահպանել ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, պարոն Բալայանն ի պատասխան նշեց, թե այժմ էլ առանձնապես խոչընդոտներ չկան Սերժ Սարգսյանի համար այդ պաշտոնում հայտնվելու համար: Նա մասնավորապես նշեց. «Ի՞նչ խնդիր կա մանիպուլյացիա անելու: Որտե՞ղ է արգելված, որ ներկայիս նախագահը չի կարող դառնալ ԱԺ նախագահ, վարչապետ, չի կարող այլ պաշտոն զբաղեցնել»: Սակայն մեկ արգելք, այնուամենայնիվ, կա: Պարոն Բալայանը այս առիթով նշեց. «Միայն մի արգելք կա, որ նախագահ չի կարող լինել, քանի դեռ կուսակցության ղեկավար է: Իրավական տեսակետից եմ ասում. եթե առաջիկայում՝ իր լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանը հայտարարի, որ ինքը կուսակցական չէ, կարող է նաեւ նախագահ ընտրվել, այստեղ իրավական որեւէ արգելք չկա»: Պարոն Բալայանը որպես օրինակ բերեց իր փորձը, երբ ինքը ՀՅԴ խմբակցության անդամ էր, ու իրեն նշանակեցին ՍԴ անդամ, նույն ամբիոնից հայտարարել է, որ իր կուսակցական լիազորությունները վայր է դնում: Պարոն Բալայանը եւս մեկ անգամ շեշտեց, որ իրավական տեսակետից որեւէ արգելք չկա ու չի կարող լինել Սերժ Սարգսյանի համար, որ դառնա ՀՀ ԱԺ նախագահ:

Կիմ Բալայանին հիշեցրինք, թե ինքն էլ էր հայտարարել, որ հանձնաժողովը չի կատարել ՀՀ նախագահի հրամանագիրը եւ ներկայացրել ոչ թե սահմանադրական փոփոխությունների նախագիծ, այլ նոր Սահմանադրություն: Մեր այն դիտարկմանը՝ հետեւաբար սա չի՞ նշանակում, որ հանձնաժողովը գուցե Սերժ Սարգսյանի ցուցումով գործել է միտումնավոր, որպեսզի ստեղծվի իրավական այնպիսի իրավիճակ, որը հնարավորություն կտա Սերժ Սարգսյանին պահպանել իր իշխանությունը, Կիմ Բալայանը հակադարձեց, թե՝ ո՞վ եւ ինչո՞ւ պետք է պարտադրեր հանձնաժողովին, նա ընդամենն ասել է, թե նախագիծ մշակեք, բերեք:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930