Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է խոստանան, որ ցուցակները հրապարակվելու են»

Սեպտեմբեր 04,2015 14:30

Իրավապաշտպանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը շարունակում է պնդել, որ ներկայացվող սահմանադրական բարեփոխումների նախագիծը նոր Սահմանադրություն է. փոփոխությունները ե՛ւ տեխնիկական են, ե՛ւ բովանդակային: Ըստ իրավապաշտպանի՝ փոխվել են հոդվածների հերթականությունը, տեղերն ու դիրքերը, ինչն արդեն, ըստ օրենսդրական տեխնիկայի օրենքի, նոր Սահմանադրության հատկանիշ է: Օրինակ է բերում գործող Սահմանադրության 1-ին եւ 2-րդ հոդվածները, որոնք նորում չեն փոփոխվում, եւ խոսում է 114-րդի մասին, որով երաշխավորվում է նշյալ երեք հոդվածների անփոխարինելիությունը: «114-րդ հոդվածում չէր կարելի փոփոխություն կատարել եւ ասել, որ անփոփոխելի են 1-ինը, 2-րդը եւ 114-րդը,- ասում է պարոն Զեյնալյանը եւ նշում, որ ներկայացվող նախագիծը նման չէ 1995 թվականին ընդունված՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությանը:- Ձեւը հետեւյալն է. ուժը կորցրած ճանաչել 1995 թվականին ընդունված Սահմանադրությունը՝ 2015 թվականի փոփոխություններով: Սա նոր Սահմանադրություն է նաեւ ձեւաբանական, բովանդակային առումներով: Շատ լուրջ բան է փոխվել, կոնցեպցիա է փոխվել. եթե գործող Սահմանադրության մեջ սահմանափակումները մեկ հոդվածով էին գրված, այստեղ յուրաքանչյուր իրավունք իր սահմաններն ու սահմանափակումներն ունի. սա եւս նոր Սահմանադրության հատկանիշներից է: Կառավարման կարգի փոփոխությունը նույնպես նոր Սահմանադրության հատկանիշներից է»:

Իրավապաշտպանը, խոսելով գործող Սահմանադրության մասին, ասում է, որ դժվար է օգտագործել մի փաստաթուղթ, որտեղ տարբեր հոդվածներ արդեն ուժը կորցրած են ճանաչված, պրիմ հոդվածներ կան, բայց շատ ավելի բարդ է օգտագործել նոր խմբագրմամբ հին փաստաթուղթը. «Իրավական որոշակիության, իրավակիրառական լուրջ խնդիրներ է առաջացնում»,- ասում է նա եւ ավելացնում, որ անընդհատ հասարակությանը օրենքերի կիրառելիությունը բացատրելու խնդիր պետք է լուծեն:
Սահմանադրական բարեփոխումների շուրջ հասարակական լուրջ հետաքրքրվածություն պարոն Զեյնալյանը չի տեսնում, կարծում է, որ հիմա մասնագիտական հարցումներ պետք է իրականացվեն՝ իրապես պարզելու ժողովրդի կարծիքը, քանի որ խնդիր կա՝ հասկանալու, թե արդյոք դեռ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը շարունակո՞ւմ է անտարբել մնալ այս գործընթացների նկատմամբ: Կարծում է, որ, այնուամենայնիվ, ընտրությունը կլինի այնպես, ինչպես շատ այլ երկրներում. քվեարկությամբ կարտացոլվի հասարակության՝ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը:

Իրավապաշտպանը նկատում եւ մատնանշում է, որ սահմանադրական բարեփոխումների նախագծում մարդու իրավունքների պաշտպանության մասին որոշ հոդվածներ նահանջ են ապրում. «Բաներ կան, որոնք ավելացվել են, բայց այնպես չէ, որ գործող Սահմանադրությունը պակաս երաշխիքներ էր ապահովում մարդու իրավունքների պաշտպանության առումով, պարզապես դրանք չեն իրականացվել: Օրինակ՝ նախագծում նահանջ են ապրել անձնական կյանքի հարգանքի, սեփականության իրավունքները, խաղաղ հավաքների անցկացման իրավունքը, որը խնդրահարույց է: Սակայն չեմ կարող չասել, որ դատական համակարգի բաժինն ավելի լավն է, իհարկե՝ դեռ ավելի կատարելագործելու տեղ ունի»,- ասում է նա:

Մեր զրուցակիցը նշում է, որ եթե մեր իշխանությունները ցանկանում են հասարակությանը ապացուցել, որ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելը անկեղծ մղումներով է պայմանավորված, պետք է հրապարակեն քվեարկության ցուցակները, այլապես կարելի է ենթադրել, որ կլինի այն, ինչ եղավ 2005-ին:

Իսկ սպասվող ապագայի մասին, թե ինչ ընթացք կունենան այս գործընթացները՝ կլինի՞ հանրաքվե, թե՞ ոչ, քվեարկությանն ի՞նչ արդյունքներ կլինեն, պարոն Զեյնալյանը ասում է. «Պատկերացնելու կարիք չունենք: Մենք ունենք փաստ՝ 2005 թվականի հանրաքվեն. դատարկ տեղամասերով ցույց տվեցին ինչպիսի՜ մասնակցություն. մենք ունենք արդեն բազմաթիվ նմանատիպ փաստեր: Ունենք, չէ՞, դա, հիմա որպեսզի ցույց տրվի, որ չի կեղծվելու, չի կարելի սկիզբը կեղծիքով սկսել: Պետք է խոստանան, որ ցուցակները հրապարակվելու են, չեն խաբելու, այն լավ գործը, որ ցանկանում են անել, խաբեությամբ չեն անելու»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930