Լրահոս
Օրվա լրահոսը

«1 դոլարն իրականում պիտի 510 դրամ լինի»

Սեպտեմբեր 04,2015 14:00

Տնտեսագետները վերլուծում են Կենտրոնական բանկի քաղաքականությունը՝
որքանո՞վ է արդարացված դոլարի կուրսը

«Երբ նախորդ շաբաթ տեղի ունեցան ճգնաժամային իրավիճակներ մի շարք երկրներում, ակնհայտորեն պարզ դարձավ, որ Հայաստանում լողացող կուրս չկա, կա ֆիքսված կուրս»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով Կենտրոնական բանկի (ԿԲ) վարած քաղաքականությանն ու դրամ-դոլար փոխարժեքին:

Մանուկյանն իր ասածները հիմնավորելու համար օրինակ բերեց՝ երբ անցած շաբաթ՝ օգոստոսի 25-ին, Հայաստանի բոլոր բանկերը դոլարը վաճառում էին 488 դրամով. «Սա խոսում է այն մասին, որ կուրսը ֆիքսվել է, կուրսը հիմնված չէր առաջարկ-պահանջարկի վրա: Գոյություն ունի, այսպես ասած, փոխարժեքի արժեք, որը որոշվում է վճարային հաշվեկշռով, վճարային հաշվեկշռի մի մասը առեւտրային հաշվեկշիռն է, մյուսը՝ տրանսֆերտները եւ այլն: Վճարային հաշվեկշիռն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ 484, 488 նույնիսկ 490 դրամ 1 դոլարի արժեքը չի արտացոլում իրական փոխարժեքը: Ուսումնասիրելով բոլոր արտարժութային հոսքերն ու արտարժութային արտահոսքերի արդյունքները եւ նաեւ մեր գործընկեր երկրների հետ փոխարժեքների, այսպես ասած, համեմատությունը՝ բոլոր գնահատումները վկայում են այն մասին, որ դոլարը իրականում պիտի լինի 510 դրամ»:

Կենտրոնական բանկը անվանական փոխարժեքը կայուն պահելու համար, Մանուկյանի խոսքերով, այսինքն՝ իրականությունից կտրվելու համար պարբերաբար ինտերվենցիաներ է անում, եւ ըստ էության արհեստականորեն է պահում կուրսը: Մեր դիտարկմանը, որ նախորդ շաբաթ դոլար-դրամ, նավթի միջազգային գների անկումը կարծես թե խուճապ էր առաջացնում բնակչության շրջանում, Մանուկյանն ասաց. «Այո, ես համաձայն եմ, որ խուճապը վնասում է, բայց այն վնասում է անգրագետ բնակչությանը, ու հենց նրանք էլ տուժում են: Այս պարագայում Կենտրոնական բանկի գործիքներից մեկն էլ հնարավոր խուճապը կանխելն է, բայց դրա լավագույն տարբերակը թափանցիկությունն է: Այսինքն՝ Կենտրոնական բանկը պիտի հանրությանն ասի՝ մեր դրամն այսինչ պատճառներով ճնշումների է ենթարկվում, այս վիճակն է երկրում, բնակչությանն ազդակներ փոխանցի, որպեսզի մարդիկ էլ հասկանան՝ ինչ անեն: Բայց Կենտրոնական բանկը փոխանակ իրապես թափանցիկ աշխատի, իր գործիքակազմով՝ դրամավարկային քաղաքականությամբ եւ վալյուտային ինտերվենցիաներով է դա անում»:

Մանուկյանն օրինակ է բերում Ռուսաստանի Կենտրոնական բանկին, երբ ռուբլին, այսպես ասած՝ սրընթաց անկում է ապրում, Ռուսաստանի ԿԲ-ն էլ էր վալյուտային ինտերվենցիաներ անում, բայց հետո ռուսները հասկացան, Մանուկյանի խոսքերով ասած՝ որ դա հիմար քաղաքականություն է, իրենց վալյուտային ռեզերվները կորում են, վատնվում են, բայց որեւէ լուրջ էֆեկտ, արդյունք չեն ստանում. «Վալյուտային այդպիսի ինտերվենցիաներն ընդամենը նպաստում են սպեկուլյատիվ ռիսկերին, որից հաճախ օգտվում են խոշոր կազմակերպությունները: Հիմա ես կարող եմ ասել՝ հիպոթեզ 1. Կենտրոնական բանկը փոխարժեքի արհեստական կայունությունը պահում է հօգուտ մի քանի օլիգարխների: Հիպոթեզ 2. Կենտրոնական բանկը չի գիտակցում՝ ինչ է անում»:

«Առավոտի» այն դիտարկմանն էլ, որ ԿԲ-ն գուցե այդպես է վարվում, որպեսզի աղքատության մակարդակը չմեծանա, կանխատեսածից ավելին չլինի գնաճը, քանի որ դոլարի թանկացումը հանգեցնում է գնաճի եւ էլ ավելի աղքատացման, Մանուկյանն ասաց. «Այդպես աղքատություն չեն կանխում: Այո, դոլարի թանկացմամբ գնաճ է լինելու, մենք գազը դոլարով ենք գնում, սա նշանակում է՝ գազը կթանկանա, գազի թանկացումից էլեկտրաէներգիան կթանկանա, արտադրվող ապրանքները կթանկանան, վերջին հաշվով՝ սպառողական գների ինդեքսը կբարձրանա: Բայց աղքատությունը մեղմելու համար առաջանցիկ քաղաքականությունը ռեֆորմներն են, պետք է բարեփոխումներ անեն, կենսաթոշակների մասով արդյունավետ քաղաքականություն վարեն: Հիմա մոտ 5% գնաճ կա, այսինքն՝ աղքատությունն, այսպես, թե այնպես, կա: Այսինքն՝ այնպիսի բարեփոխումներ պիտի արվեն, որպեսզի այն փոխհատուցի դոլարի թանկացումը: Իսկ առանց դրա՝ վալյուտային ինտերվենցիաներով մեր վալյուտային պահուստներն են վատնվում, գուցե այդ պահուստներն ուղղվեն սոցիալական խավերին, աշխատատեղերի ստեղծմանն ու այլ քաղաքականությանը: Կենտրոնական բանկի գործառույթն է նաեւ գների կայունություն ապահովելը, եւ ԿԲ-ն կարող է ասել՝ եթե արհեստական չպահենք փոխարժեքը, իմ կանխատեսած 4+- 5%-ից ավելի կլինի գնաճը: Այսինքն՝ Կենտրոնական բանկն իր նեղ նպատակներն իրականացնելու համար վատ բան է անում տնտեսության համար»:

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Կենտրոնական բանկի ինտերվենցիաները սխալ ու բացասական կլինեին, եթե դրանք շարունակական լինեին. «ԿԲ-ի երկարաժամկետ միջամտությունն, իհարկե, նախընտրելի չէ՝ հաշվի առնելով ձեր նշած այն հիմնավորումները, որ վալյուտային պահուստները նվազում են: Սակայն երբ տեղի է ունենում ուղղակի խուճապային իրավիճակ, եւ ԿԲ-ն անմիջապես վերականգնում է կայունությունը, այս պարագայում խնդիր չկա: Անցած շաբաթ ընդամենը կարճաժամկետ չհիմնավորված խուճապ էր, ու ԿԲ-ն արձագանքեց. դա նորմալ է: Ի վերջո, հակառակն էլ է տեղի ունենում՝ ԿԲ-ն միայն դոլար չի վաճառում, որպեսզի կայունություն ապահովի, երբեմն ԿԲ-ն շուկայից նաեւ դոլար է ձեռք բերում՝ համալրելով վալյուտային պահուստները: Վերջին օրերին փոխարժեքը կայունացել է առանց ԿԲ-ի միջամտության, դոլարը վերադարձել է շուկայական փոխարժեքին, կուրսն արհեստական պահելու գործընթաց չկա»:

Նշենք, որ երեկ, ըստ rate.am կայքի, հայաստանյան բանկերում 1 դոլարի առքը 482-ից 484 դրամ էր, իսկ վաճառքը՝ 487-ից 488 դրամ:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930