Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանցի ազատամարտիկի թիրախը նրա միամիտ ծանոթուհիներն էին

Սեպտեմբեր 04,2015 13:30

Միջնակարգ կրթությամբ, երկու անչափահաս երեխաների հայր Վարդան Աբրահամյանը հաշվառված էր եւ բնակվել է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի շենքերից մեկում: Նա մասնակցել է Արցախի ազատամարտին, պարգեւատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «1992-1994թթ. մարտական գործողություններին մասնակից» կրծքանշանով, ՀՀ ազգային բանակի ստեղծման 17-րդ տարեդարձի կապակցությամբ Քաջարանի քաղաքապետի շնորհակալագրով:

Անցյալ տարվա սեպտեմբերի 23-ի որոշմամբ Վարդան Աբրահամյանը ներգրավել է որպես մեղադրյալ եւ նրա նկատմամբ իրավապահները հայտարարել են հետախուզում: Վ.Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին:

Հոկտեմբերի 4-ին Վ.Աբրահամյանը հայտնաբերվել էր եւ նրան մեղադրանք էր առաջադրվել: Նա մեղադրվում էր 5 դրվագով: Նշենք, որ մեղադրանքն ամբողջությամբ ընդունել էր Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում արագացված ընթացակարգով նշանակված դատական նիստի ժամանակ: Վ.Աբրահամյանը 2014թ. հունիսի 10- 30-ն ընկած ժամանակահատվածում իր ծանոթի՝ Լիաննա Ապրեսյանի համար շուկայականից անհամեմատ ցածր գնով սառնարան ձեռք բերելու եւ ապրանքները մաքսազերծելու պատրվակով, վերջինիցս վերցրել է 338.980 ՀՀ դրամ գումար: Սակայն Լ.Ապրեսյանի սառնարանը չի տվել եւ ըստ էության տիրացել է «գրավյալ» գումարին:
Մեկ այլ դրվագով ազատամարտիկը 2014թ. հուլիսին համացանցի միջոցով ծանոթացել է Նարինե Սարգսյանի հետ: Նրա հետ ընկերություն անելու ժամանակահատվածում այցելել է Նարինեին՝ նրա բնակարան:

Գումար ստանալու տենչով տարված, նա տուժողին հայտնել էր, թե իբր իր ծանոթներից մեկը մատչելի գնով «Սամսունգ» ապրանքանիշի հեռուստացույց է վաճառում: Սակայն, ըստ նրա, հեռուստացույցը 2 տարի ապառիկ գրանցելու համար անհրաժեշտ է 96.000 ՀՀ դրամ: Դրամը համացանցային ծանոթուհին տվել էր, իսկ ամբաստանյալը «քցել» հերթական անգամ:

Վ. Աբրահամյանը, իբր բանկում իր սառեցված հաշիվներն ակտիվացնելու համար, իր միամիտ ծանոթից, դարձյալ կնոջ՝ Աննա Աթանեսյանից մաս-մաս ստացել էր 324.355 ՀՀ դրամ գումար, 150.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա թեւնոցը: Սակայն ինչ սառեցված հաշիվ, ինչ ակտիվացում, իզութոզով անհետացել էր:

Հաջորդ տուժողը Ալվարդ Վարդանյանն էր:

ՀՀ ներկրված ապրանքը մաքսազերծելու կեղծ պատրվակով նա Ալվարդից վերցնում է 60.000 ՀՀ դրամ գումար եւ տիրանում է խաբեությամբ ստացված այդ գումարին էլ:
Ազատամարտիկի թուրը կտրում է նաեւ իրեն հավատացող Թերմինե Ասատրյանի վրա: Նա Թերմինեին խոստանում է շուկայականից անհամեմատ ցածր գներով գազօջախ, խոհանոցային կոմբայն եւ վարագույրներ: Թերմինեն հավատում եւ նրան է վստահում 320.000 ՀՀ դրամ գումարը:

Ի դեպ, դատական գործընթացների ժամանակ ամբաստանյալն անհարգելի չէր ներկայանում նիստերին, ինչը պատճառ դարձավ, որպեսզի դատավոր Ա.Վարդապետյանը նրա նկատմամբ բերման որոշում կայացնի, ապա՝ կալանավորման:
Արագացված դատաքննության արդյունքում դատարանը եզրահանգել էր, որ «Աբրահամյանին ուղղելու, նոր հանցագործությունները կանխելու, ինչպես նաեւ սոցիալական արդարությունը վերականգնելու համար նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձեւով, որը նա պետք է կրի»:

Դատավճռով ամբաստանյալ Վ. Աբրահամյանից անհրաժեշտ է հօգուտ տուժողներ Լ.Ապրեսյանի բռնագանձել 338.390 ՀՀ դրամ, հօգուտ Ն. Սարգսյանի` 96.000 ՀՀ դրամ, հօգուտ Ա. Աթանեսյանի` 474.355 ՀՀ դրամ, հօգուտ Թ. Ասատրյանի` 320.000 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

Տուժող Ա. Վարդանյանի կողմից քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացվել:
Վարդան Աբրահամյանը դատապարտվել է 3տարի ժամկետով ազատազրկման:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930