Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու առողջությունը՝ ըստ տիպերի

Սեպտեմբեր 04,2015 11:30

Ամերիկացի բժիշկ Դ. Ս. Ջարվիսը մարդկանց տիպերը բնութագրելու համար օգտագործել է երկու տերմին` բացասական եւ դրական ու բնորոշել նրանց առանձնահատկությունները: Բացասական տիպը վերաբերում է նրանց, որոնց կլինիկական ցուցանիշները նորմայից ցածր են։ Այդպիսի ցուցանիշներ են՝ զարկերակի եւ շնչառության հաճախականությունը րոպեի ընթացքում, բերանի ջերմաստիճանն առողջ ժամանակ եւ արյան ճնշումը։
Դրական տիպի մարդիկ նրանք են, որոնց կլինիկական ցուցանիշները համապատասխանում են նորմային։ Ոչ մեկի չի կարելի 100% դրական կամ բացասական համարել, սովորաբար այդ արվում է 75% մոտավորությամբ։ Բավարար կարելի է hամարել, եթե այս կամ այն մարդը 60-80%֊ով պատկանում է նշված երկու տիպերից մեկին:
Բացասական տիպը բնորոշվում է հետեւյալ հատկանիշներով. երիտասարդ ժամանակ, մինչեւ 25 տարեկանը շատ եռանդուն են։ Կարողանում են աշխատել վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր՝ առանց հոգնելու։ Եթե նախորդ օրը մինչեւ ուշ գիշեր հյուր են գնում կամ շատ պարում, ապա հաջորդ առավոտյան, գիշերային հանգստից հետո, սովորաբար իրենց լավ են զգում: Երբեմն աշխատանքային օրվա վերջում նրանք հոգնածություն են զգում։ Գիշերային քունը վերականգնում է ուժերը եւ առավոտյան արթնանում են թարմ ու հանգստացած, բայց նորից հոգնում են օրվա վերջում։ Իսկ որոշ ժամանակ անց գիշերային քունն այլեւս չի օգնում վերականգնելու ուժերը եւ ժամանակի ընթացքում ավելի կամ պակաս չափով հոգնածությունը դառնում է նրանց մշտական ուղեկիցը: Ամենօրյա աշխատանքն այլեւս ձեզ հաճույք չի պատճառում։ Դուք մասամբ կորցնում եք ձեր աշխուժությունն ու եռանդը եւ սկսում գիտակցել, որ լավ ինքնազգացողությունը վերականգնելու համար ձեզ անհրաժեշտ է բավական երկարատեւ հանգիստ։

Բացասական տիպին պատկանող մարդկանց համար հատկանշական է տրամադրության հաճախակի փոփոխությունը։ Տարիների ընթացքում նրանք նկատում են, որ հոգնած եւ ընկճված վիճակից նրանց կարող է դուրս հանել եւ նոր ուժեր հաղորդել կինո կամ թատրոն գնալը, հետաքրքիր գրքի ընթերցանությամբ տարվելը, հեռուստատեսությամբ տրվող այս կամ այն հաղորդումը, կարճատեւ զբոսանքը մեքենայով կամ էլ սիրած գործով զբաղվելը։ Այս բոլորը նրանց վրա ազդում է ճիշտ այնպես, ինչպես ֆիզիկական աշխատանքը հակառակ տիպի ներկայացուցիչների վրա:

Ձեզ դուր չի գալիս եղանակի սուր փոփոխությունը։ Ցուրտ եղանակին չեք ուզում փողոց դուրս գալ։ Եթե դուք, այնուամենայնիվ, դուրս եք գալիս, ապա չմրսելու համար աշխատում եք տաք հանգնվել (մանավանդ տաք պահել ձեռքերն ու ոտքերը)։ Մյուս կողմից՝ ամռանը, երբ ջերմաստիճանն արագորեն բարձրանում է՝ դուք պարզապես զգում եք հոգնածություն եւ չեք ուզում աշխատել։ Դուք հրաշալի եք զգում տաք եւ զով եղանակին։ Եթե ստիպված լինեիք ընտրություն կատարել ուժեղ շոգի եւ ուժեղ ցրտի միջեւ, ապա, հավանաբար, կընտրեիք վերջինը, քանի որ այդպիսի եղանակին ձեզ ավելի լավ եք զգում։ Ձեզ հաճույք չի պատճառի նաեւ շատ տաք եւ շատ սառը ուտելիքը, թեպետ ձեր տիպի որոշ մարդիկ գերադասում են շատ տաք կերակուրներ, մեծամասնությունը, համենայնդեպս, նախընտրում է պարզապես տաք ճաշեր:

Բացասական տիպի մարդկանց խորհուրդ է տրվում օգտագործել բանջարեղեն ու մրգեր, ընկույզ եւ լոբազգիներ։ Բացի այդ, նրանք իրենց լավ են զգում ձկնեղեն եւ ծովային այլ մթերքներ օգտագործելիս։

Եթե դուք պատկանում եք դրական տիպին, ապա սովորաբար ֆիզիկապես առողջ եք։ Մարդկանց այս տիպը աչքի է ընկնում ֆիզիկական մեծ ակտիվությամբ, շատերը զբաղվում են սպորտով։ Այս տիպի մարդիկ սիրում են ոտքով երկարատեւ զբոսանքներ կատարել, զբաղվել ձկնորսությամբ, որսորդությամբ, գոլֆ եւ թենիս խաղալ։ Նրանք ավելի մեծ հաճույք են ստանում ֆիզիկական աշխատանքից, քան մտավոր։ Տարիքի առաջացմանը զուգընթաց՝ հազվադեպ են հիվանդանում, եթե զբաղվում են ֆիզիկական աշխատանքով եւ խուսափում սենյակում երկար մնալուց։ Սովորաբար ունենում են լավ ախորժակ, սիրում են ուտել միս եւ հրուշակեղեն։ Որպես կանոն, չեն սիրում բանջարեղեն եւ աղցաններ։

mardu-tiper

Եթե դրական տիպի մարդը, անհրաժեշտությունից ելնելով, ստիպված է ժամանակի մեծ մասն անցկացնել սենյակում, քանի որ զբաղվում է մտավոր աշխատանքով, ապա վաղ թե ուշ նա կունենա հոգնածության մշտական զգացողություն։ Առօրյա աշխատանքը բավականության փոխարեն կդառնա տհաճ պարտականություն, որից կուզենաք հնարավորին չափ շուտ ազատվել։ Աշխատանքից խուսափելու հանգամանքը ձեզ կդարձնի դյուրագրգիռ: Այսպիսի մարդը շուտ բորբոքվում է, շուտ վիրավորվում, հաճախ դուրս է գալիս հունից եւ կարող է դիմացինին վիրավորել: Օրվա կեսին, երբ նա պետք է գտնվի գերակտիվ վիճակում, ընդհակառակը՝ քունը տանում է: Առավոտյան 6-10 ընկած ժամանակահատվածում նա ավելի աշխատունակ է, քան երեկոյան նույն ժամերին: Այս տիպի մարդկանց ուժերը վերականգնելու միակ միջոցը, ըստ իրենց, երկարատեւ հանգիստն է: Դրական տիպի մարդկանց խորհուրդ է տրվում ճիշտ այն սնունդը, որն առաջարկվել էր բացասական տիպի մարդկանց: Հարկավոր է ուտել մեղր, որովհետեւ այս տիպի մարդկանց նյարդային համակարգը հակված է դյուրագրգռության: Մեղրը հանգստացնող ազդեցություն ունի եւ օրական խորհուրդ է տրվում այս տիպի մարդկանց ուտել 6 թեյի գդալ մեղր` բաշխելով այն նախաճաշի, ճաշի եւ ընթրիքի:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
03.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930