Լրահոս
Օրվա լրահոսը

Համալիրի գործարքից մինչեւ «աֆյորա» եւ քաջնազարականություն

Սեպտեմբեր 04,2015 12:30

Պաշտոնյաներն անվրդով են, մշակույթի գործիչները՝ զայրացած

Մարզահամերգային համալիրի հարցն այս օրերին ամենաքննարկվողներից է: Մտավորականներին հատկապես զայրացրել է կառավարության նիստում արված այն հայտարարությունը, ըստ որի՝ «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերությունը, որին օտարված է Մարզահամերգային համալիրը, պատրաստվում է համալիրում եւ նրա տարածքում ստեղծել ընտանեկան ուղղվածության կենտրոն, որը կներառի հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն: Ընդ որում, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներն ու մասնագետները մտահոգված են, պաշտոնյաները՝ ոչ:

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն, օրինակ, ասուլիսում ասել էր, թե գործընթացը վերահսկելի է, որ համալիրի ճարտարապետությանը խոչընդոտող որեւէ բան այնտեղ չի կառուցվելու, միեւնույն ժամանակ նաեւ հաստատել, թե 100 միլիոն դոլարի ներդրման դեպքում կառուցապատողը կարող է խաղատուն կառուցել:

Ինչ վերաբերում է մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանին, նա էլ կառավարության վերջին նիստից հետո անդրադառնալով Մարզահամերգային համալիրի տարածքում խաղատուն ու ժամանցի կենտրոն կառուցելու ծրագրին, ասել էր, թե համալիրի տարածքում ինքը խաղատուն կառուցելու նախագիծ դեռեւս չի տեսել, երբ տեսնի, այն ժամանակ էլ կարծիք կհայտնի:

Նշենք, որ Մարզահամերգային համալիրը ընդգրկված է Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին ՀՀ կառավարության 1616 նորմատիվ որոշմամբ հաստատված պետական  ցուցակում՝ 1.6 148 ցուցիչով:

Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին ՀՀ օրենքի 36-րդ հոդվածում հստակ նշվում են հուշարձանի սեփականատիրոջ պարտավորությունները: Սեփականատերը պարտավոր է սահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր լիազորված մարմնին` հանրապետական նշանակության հուշարձանի դեպքում: Իսկ տվյալ դեպքում Մարզահամերգային համալիրը հանրապետական նշանակության հուշարձան է, եւ պահպանական պարտավորագրի գոյությունը պարտադիր պետք է լինի:

Օրենքով, հուշարձանի սեփականատերը պետք է նախապես տեղեկացնի լիազոր մարմին, այսինքն՝ մշակույթի նախարարությանը՝ սեփականության իրավունքի, դրա պահպանման եւ օգտագործման պայմանների փոփոխման մասին: Հուշարձանների օտարման վերաբերյալ 37-րդ հոդվածում ասվում է, որ հուշարձանի օտարման դեպքում հուշարձանի սեփականատերն այդ մասին նախապես տեղեկացնում է լիազորված մարմնին, եւ այս դեպքում առնվազն տարօրինակ է, երբ լիազորված մարմնի ներկայացուցիչ Արեւ Սամուելյանն ասում է, որ փաստաթուղթ չի տեսել: Ընդ որում, դարձյալ օրենքի համաձայն՝ հուշարձանների օտարման վերաբերյալ բոլոր գործարքները, բացի կադաստրից, նոտարից եւ այլ կառույցներից, հատուկ մատյանում գրանցում է լիազորված մարմինը՝ հանձին մշակույթի նախարարության:

Ցանկացած բնույթի սեփականատեր ինքն է որոշում օգտագործման ձեւը, բայց Համալիրը հուշարձան է, իսկ օրենքում ամրագրված է, որ հուշարձանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային, ճանաչողական նպատակներով, հուշարձանների օգտագործումը տնտեսական եւ այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում, աղճատում դրա պատմական, գիտական, գեղարվեստական արժեքը: Կազինոյի, ժամանցի վայրերի գոյության պարագան, կարծում ենք, եւ նսեմացնում, եւ աղճատում է հուշարձանը: Ստացվում է, որ օրենքներ եւ համապատասխան հոդվածներ են խախտվում: «Առավոտը» ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հետաքրքրվեց՝ ի վերջո կա՞ պահպանական պարտավորագիր Համալիրի գործարքի պարագայում: Նախարարությունից պատասխանեցին. «Քանի դեռ օտարում չի կատարվել, մի շարք ինստանցիաներով չի անցել գործարքը, չկա նաեւ սեփականության վկայական, չկա եւ պարտավորագիր, այն անպայման կլինի գործարքի ավարտից հետո»:

Հավելենք, որ ՀՀ կառավարության որոշումը, որով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 30 մլն դոլարով ուղղակի վաճառքով, առանց մրցույթի օտարվելու է վերջերս հիմնադրված «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը «աֆյորա» էր որակել, իսկ մարզահամերգային համալիրի բարձրաքանդակի հեղինակ, քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը՝ քաջնազարականություն:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930