Ազգային երգուպար, Արցախյան ազատամարտի դրվագներ և դաշնակցական ոգի. Հյուսիսային պողոտան այսօր երեկոյան նման տրամադրություններով էր լի:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը Արցախի Հանրապետության 24-ամյակին նվիրված անցկացվող երկօրյա միջոցառումների շարքում այսօր ներկայացրեց Արցախի անկախության մարտիկների նկարներների ցուցադրություն: Այն զուգորդվեց ազգային երգուպարով և «Արցախի գանձերը» ֆիլմի դիտմամբ: Ցուցահանդեսը հետաքրքրում էր նաև անցորդներին և զբոսաշրջիկներին:
Aravot.am-ի հարցին՝ այսօրվա սերունդը գնահատո՞ւմ է Արցախի անկախությունը, ՀՅԴ անդամ Վարդան Պապիկյանը պատասխանեց. «25 տարի առաջ այն սերունդը, որը հաղթել է Արցախյան ազատամարտը, մենք այդ սերնդի կողմից ենք դաստիարակվել: Այսօրվա երիտասարդը հասկանում է Արցախի անկախության գինը: Իհարկե, կա մի զանգված, որ չի հասկանում, բայց մեծ մասը հասկանում է: Արցախյան պատերազմի շնորհիվ կարողացանք կառուցել կայուն պետություն, եթե այլ ուղղությամբ գնար Արցախի պատերազմը, մենք հիմա կարող էինք և չլինել»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ եթե կարիք լիներ, Դուք կգնայի՞ք ռազմաճակատ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Երբեք չեմ պատասխանում այնպիսի հարցերին, որ չեմ եղել այդ իրավիճակում…այո կգնայի»:
ՀՅԴ Կապանի պատանեկան միության վարիչ Վահագն Մովսիսյանը նկատեց, թե Արցախյան ազատամարտին էլ ողջ ազգը չէր գնացել, այլ քչերը, հակառակ դեպքում կարող էինք նաև Նախիջևանը ազատագրել: Դառնալով այսօրվա երիտասարդությանը՝ ասաց. «Այսօր էլ էլի այն քչերն են գնալու»:
Նա, կիսելով մեր մտահոգությունը, թե թացը չորի հետ է խառնվել, և իրական հերոսներն ապրում են սոցիալական վատ պայմաններում, սակայն Արցախյան ազատամարտի մասնակցի անվան տակ շատ անձինք իրենց կյանքն են դասավորում, պարոն Մովսիսյանն ասաց, թե ավելին, նույնիսկ դեպքեր են գրանցվել, երբ գրքերում որպես Արցախյան ազատամարտիկ անուններ են գրվել, որոնք ընդհանրապես չեն մասնակցել ազատամարտին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ