Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր Aravot.am-ին տեղեկացրեց, որ մարզում ծնելիությունը նախորդ տարվա այս ժամանակաշրջանի հետ համեմատ նվազել է 120-ով: «Այսինքն`2014 թվականին ծնվել է 2250 երեխա, իսկ հիմա այդ թիվը կազմում է 2130», – փոխանցեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Ըստ նրա, ծնելիության նվազման պատճառը միայն սոցիալական ծանր վիճակն ու Շիրակի մարզում առկա աղքատությունը չէ, նաեւ իր դերակատարությունն ունի միգրացիան, որից Հայաստանն անմասն չի մնում: «Հատկապես այսօր ամբողջ երկրագունդը միգրացիոն պրոցեսի մեջ է, կարծես մի տենդ է իջել, գնում են, եւ, իհարկե, դրանից Հայաստանը չի կարող անմասն մնալ: Արաբական երկրների բնակիչները գալիս են դեպի Եվրոպա, Եվրոպայից մարդիկ գնում են դեպի Ամերիկա, Ռուսաստանից գնում-գալիս են դեպի Եվրոպա, եթե սլաքների միջոցով վերարտադրենք ամբողջ պրոցեսը, ամբողջ երկրագունդն այսօր կարծես այդ միգրացիոն պրոցեսով եռում է: Ես չեմ ասում, թե մենք պատճառներ չունենք, սոցիալ-տնտեսական խնդիրներ չունենք, միեւնույնն է, եթե անգամ մեզ մոտ ամեն ինչ լավ լիներ, այս միգրացիոն գործընթացից դուրս չէինք կարող մնալ մենք», – կարծում է պաշտոնյան:
Իսկ որ պաշտոնապես ամենաաղքատը ճանաչված Շիրակի մարզում սոցիալական պայմանները չեն խանգարում որոշ ընտանիքների շատ երեխաներ ունենալուն, Հովհաննես Հովհաննիսյանը, որպես ապացույց մեջբերում է 9 եւ ավել երեխաներ ունեցող սոցիալապես անապահով 8 ընտանիքներին, որոնց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նախորդ շաբաթ բնակարանների գնման վկայագրեր հանձնեց: Նա նաեւ նշում է, որ Հայրենական Մեծ պատերազմից հետո աճի ցուցանիշով Սովետական Հայաստանը գրավել է առաջին տեղը: Հարցին, թե կա՞ Շիրակի մարզում որեւէ գյուղ, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում երեխա չի ծնվել, մեր զրուցակիցն ասաց, որ նման տեղեկության չի տիրապետում, բայց եւ խիստ կասկածում է, որ նման մի տեղանք գտնվի:
Մեր դիտարկմանը, թե Շիրակի մարզում Տարոն Մարգարյաններ չկա՞ն, մենք չկարողացանք մտաբերել մի պաշտոնյայի, որը 5 ու ավել երեխաներ ունենա, դուք գիտե՞ք նման պաշտոնյաների, որոնք իրենց օրինակով խրախուսեն ծնելիությունն այս մարզում, Հովհաննես Հովհաննիսյանը եւս Շիրակի մարզից չհիշեց որեւէ մեկին: Ըստ նրա, քիչ երեխաներ ունենալը նեղ ազգային մենթալիտետի խնդիր է, պարզապես կան ընտանիքիներ, որոնք սովորություն ունեն շատ երեխաներ ունենալու:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ