Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 5-ին Լուսինե Խաչատրյանի «Կարոտ» դաշնամուրային մոնոներկայացմամբ կտրվի Համազգային թատրոնի 24-րդ թատերաշրջանի մեկնարկը, և ներկայացման տոմսերից ստացված գումարը կփոխանցվի Համազգային թատրոնի շենքի կառուցմանը:
Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի փոխանցմամբ՝ շենքի հետ կապված «ալիք առաջացնող» նորություններ դեռ չկան, սակայն իրենք աշխատում են, փորձում անել ամեն ինչ, որ շենքի կառուցման համար անհրաժեշտ գումարը հավաքվի:
«Համազգային թատրոնը, լինելով նորանկախ Հայաստանի առաջին մշակութային օջախը, իմ խորին համոզմամբ, պետք է գտնի իր տանիքը, ունենա իր տունը,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարդան Մկրտչյանը:- Մենք անվերջ հարմարվում ենք, յուրաքանչյուր ներկայացում բեմադրելուց առաջ բավականին շատ խնդիրների առջև ենք կանգնում, բայց դա, մեղմ ասած, ճիշտ չէ: Պետք է վերջ տալ այն մտածողությանը, որ Համազգային թատրոնը միայն Սոս Սարգսյանն էր կամ միայն Սոս Սարգսյանի շենքն է: Դա այդպես չէ: Ես նման միտք համարձակվել եմ արտահայտել հենց նրա՝ Սոս Սարգսյանի մոտ, և նա ողջունել է այդ միտքը: Համազգային թատրոնը 60 աշխատող ունի. թատրոնը բոլորինն է: Հետևաբար՝ թատրոնի շենքի խնդիրը պետք չէ կապել մեկ անձի հետ: Դա մեր բոլորի խնդիրն ու երազանքն է միաժամանակ: Եվ ես համոզված եմ, որ այդ երազանքը վաղ թե ուշ իրականանալու է»:
Կարդացեք նաև
Դառնալով նոր թատերաշրջանի բացմանը՝ Վարդան Մկրտչյանը տեղեկացրեց, որ կլինեն ինչպես հին և արդեն սիրված, այնպես էլ նոր ներկայացումներ, հյուրախաղեր, համագործակցության ծրագրեր և այլն:
Իսկ հոկտեմբերին Համազգային թատրոնը կբացի նաև իր թատերական ստուդիան: Ծրագիրն իրականություն կդառնա «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի հետ համատեղ:
«Ստուդիան նախատեսվում է տարիքային երկու խմբերի համար` 12-16 և 17-ից բարձր: Տասներեք ամսվա խտացված կուրսի ընթացքում ստուդիայի սաներին կուսուցանվի բեմական խոսք, վոկալ, դերասանի վարպետություն, պարարվեստ: Դասընթացը կզուգորդվի հրավիրված դասախոսների վարած վարպետության դասերով, ինչպես նաև հայտնի արվեստագետների հետ հանդիպումներով: Կուրսը կավարտվի աշնանը՝ հաշվետու ներկայացմամբ»,- մանրամասնեց Վ. Մկրտչյանը՝ ընդգծելով, որ ստուդիայի բացման գլխավոր նպատակը թատրոնի դերասանական կազմը թարմացնելն է, դերասանների նոր սերունդ ունենալը:
Ի դեպ, աշնանը կգործարկվի նաև թատրոնի նոր վեբ-կայքը՝ տոմսերի առցանց գնման հնարավորությամբ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ