«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամենավտանգավորն է Կովկասում: Չնայած նրան, որ տարածաշրջանում գոյություն ունի նաեւ Վրաստանի եւ Հարավային Օսեթիայի հակամարտությունը, այնուամենայնիվ կրակոցների ձայներ չեն լսվում: Արեւմուտքը մեղադրում է Ռուսաստանին Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու համար եւ չի ուզում համակերպվել դրա հետ: Չնայած այդ ամենին, այնտեղ հանգիստ է: Ղարաբաղում էլ մշտապես կրակոցներ են լսվում, երկու կողմերն էլ կորուստներ են կրում: Շատ մեծ է պատերազմի վերսկսման հավանականությունը»,- այս հայտարարությունը ադրբեջանական «Apa» գործակալության հետ զրույցում արել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Քաղաքագետը նշել է, որ Մոսկվան դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակտիվ փուլի անցմանը. «Կրեմլում լավ են հասկանում, որ Լեռնային Ղարաբաղի նոր պատերազմը կարող է տարածաշրջանը եւ հակամարտության կարգավորումը վերահսկողությունից դուրս հանել: Ներկայիս ստատուս-քվոյի ռազմական ճանապարհով փոփոխությունը հակասում է Ռուսաստանի շահերին: Ռուսաստանը կողմ է հակամարտությունը քաղաքական բանակցությունների եւ ոչ թե ռազմական ճանապարհով լուծելուն»:
Մարկեդոնովը կարծում է, որ Մոսկվայի համար կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ չլինեն. «Կրեմլի համար կարեւոր է, որ այդ տարածքներում ռազմական գործողություններ չլինեն: Որովհետեւ դա ավելորդ վտանգ է Ռուսաստանի համար: Հակամարտության գոտին շատ մոտ է Ռուսաստանի սահմաններին: Լեռնային Ղարաբաղի պատերազմի սկիզբը կարող է մեծ վտանգ ներկայացնել Հյուսիսային Կովկասի համար»:
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի միանալու հավանականությանը՝ քաղաքագետը նշել է, որ դա տեղի չի ունենա, քանի որ պաշտոնական Բաքուն դրանով հետաքրքրված չէ: Նրանք միայն մտածում են Ղարաբաղը ստանալու մասին, իսկ ԵՏՄ-ին միանալը դա չի կարող ապահովել Ադրբեջանի համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ