Ինչպես տեղեկացրել ենք Երեւան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբի պատվիրակությունը: Պատվիրակությունը կայցելի Արցախ` ծանոթանալու իրավիճակին, շփվելու ՀՅԴ Արցախի կառույցի և հասարակության տարբեր խմբերի հետ։
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո Լը Ռուին, անդրադառնալով ԼՂՀ այցին, նշեց. «Շատ լավ գիտեմ, թե որն է այս հիմնախնդրի հետ կապված գործընթացը, որը կարգավորվում է Մինսկի խմբի շրջանակներում: Նաև տեսնում եմ, որ ամեն անգամ, երբ առաջընթացի հույս են ունենում, այն չի գրանցվում, քանի որ կա մի կողմ, որն արգելափակում է այդ առաջընթացը»: Բրյունո Լը Ռուին հավելեց, որ շատ են լսել այն արտահայտությունը, թե «Չի կարելի չտեսնել այդ վայրը` Արցախը», ուստի իրենց նպատակն է, ոչ թե գնալ Արցախ ինչ-որ բան թելադրելու, ինչ-որ բան ասելու կամ սադրանքներ անելու, այլ իրենց նպատակն է գնալ ու բարեկամական խորը կապեր հաստատել այնտեղի հետ: Հանդիպման արդյունքները ներկայացվելու են Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին:
Պարոն Ռուին ցավով փաստեց, որ դեռ տեղի են ունենում ռազմական գործողություններ ու նաև իրենց նպատակն է ուղերձ հղել, որ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները կարևոր են, և որ բոլորն են շահում, երբ այդ արժեքները կիրառվում են ու կյանքի կոչվում:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրատ Փափազյանը խոսեց իրենց այցի քաղաքական նպատակների մասին. «Բոլորն էլ գիտեն Ֆրանսիայում, որ այս պատվիրակությունը այստեղ է ու պետք է գնա Արցախ, ու պրոբլեմ չտեսան: Արցախ այցելությունը նպատակ ունի նպաստել ԼՂ հարցի կարգավորմանը, բոլորս էլ ուզում ենք հասնել խաղաղության, և Ֆրանսիան ցանկանում է մասնակից լինել այդ խաղաղության հաստատմանը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ