Այսօր՝ սեպտեմբերի 3-ին գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի հուղարկավորությանը Եռաբլուրում մասնակցում էր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը եւ ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Մյուս բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակներ էին ուղարկել միայն:
Զարմանալիորեն հրաժեշտի արարողությանը չէին մասնակցում ԵԿՄ վարչության ղեկավարները՝ գեներալ Մանվելի գլխավորությամբ:
Վաղարշակ Հարությունյանը մեզ հետ զրույցում հարցին, թե նրանց բացակայությունն ինչո՞վ է պայմանավորված, վստահեցրեց, որ այդտեղ պետք չի վատ բան տեսնել. «Ինքը եղել է հարգված, պետության ուշադրության կենտրոնում է եղել: Ես այդ համատեքստում որեւէ խնդիր չեմ տեսնում»:
Հուղարկավորության արարողության ժամանակ ուշագնաց եղավ ռազմական ոստիկաններից մեկը, նաեւ Գուրգեն Դալիբալթայանի հարազատներից: Նրանց օգնություն ցույց տվեցին շտապօգնության բժիշկները:
Կարդացեք նաև
Ջավախահայության անունից հանդես գալով՝ Հովհաննես Այվազյանը նշեց, որ Գուրգեն Դալիբալթայանը շատ հասանելի անձնավորություն էր բոլորի՝ իր ընկերների, բարեկամների համար, հրաշալի զրուցակից, խորհրդատու էր: Նրա մոտ եւ զուսպ էին լինում, եւ զգաստ: Նա առաջարկեց Դալիբալթայանի մի կիսանդրի տեղադրել Նինոծմինդայի շրջանում գտնվող Սաթխա գյուղի հարեւանությամբ գեներալների ծառուղում, որտեղ տեղադրված են գեներալ Գինոսյանի եւ Խախանյանի կիսանդրիները՝ասելով, որ դա շատ պատշաճ կլիներ նրա վաստակին՝ մանավանդ, որ շուտով լրանալու է նրա 90-ամյակը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Գասպարյան Վովան լրագրողներին ամոթանք է տալիս գեներալի մահվանը չանդրադառնալու համար, ըստ որում, չգիտես ինչու՞, օգտագործելով ,,զոհվել,, բառը… Սակայն պարզվում է ինքը նույնիսկ թաղմանը չի՞ գնացել…