Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ բնագավառներում հայ-բրիտանական համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի համար: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցության հետագա խորացումը և հեռանկարային համարել կապերի ընդլայնումը տնտեսության մի շարք ճյուղերում, այդ թվում` արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլն:
Իր հերթին, տիկին Լիչը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ համագործակցության և տարբեր ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած օժանդակության համար: Դեսպանը գոհունակությամբ նշել է , որ վերջին տարիներին էապես զարգացել են Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև հարաբերությունները, աճել են ՀՀ և ՄԹ-ի միջև առևտրաշրջանառության ծավալները և վստահություն հայտնել, որ այդ ուղղությամբ քայլերը կկրեն շարունակական բնույթ: Քեթրին Լիչը նշել է, որ ՄԹ-ն շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ, ինչպես նաև Հայաստան-ԵՄ կապերի ընդլայնմամբ:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության գերակա ծրագրերին, տարածաշրջանային տնտեսական իրավիճակին և հնարավոր զարգացումներին, հայ-ադրբերջանական սահմանագծում աճող լարվածությանը: Վարչապետ Աբրահամյանը դատապարտել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության, դպրոցների ուղղությամբ արդեն մի քանի օր շարունակվող կրակահերթերը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ