Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուրգեն Հարությունիչ, այդ հավիտենական կյանքում ապրելու վաստակը դուք ձեռք եք բերել». Սեյրան Օհանյանը՝ Դալիբալթայանին (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Սեպտեմբեր 03,2015 15:50

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի հրաժեշտի արարողությունն էր Եռաբլուրի պանթեոնում:

Հուղարկավորության արարողության ժամանակ ներկայացվեց Հայկական բանակի կայացման մեծ նվիրյալի կենսագրությունը. «Նա կենդանի լեգենդ էր, որ թեեւ պատկառելի տարիքին, քառորդ դար ապրեց պատերազմի եւ ապա բանակաշինության ճանապարհներով, պատերազմի դաշտում, թե զորավարժարաններում մեզ հետ կիսեց հաջողությունների ուրախությունը, դարձավ մեր հաղթանակների ճարտարապետներից մեկը, իսկ դժվարին պահին հուշեց անհաջողությունները հաղթահարելու ուղիները: Չկա մի կամավորական ջոկատ կամ մի զորամաս, որ ամենաջերմ հիշողությունը չպատմեն նրա մասին: Նա Արցախյան ազատամարտի առաջին կամավորականներից էր, Հայաստան եկած եւ պատերազմ մեկնած առաջին գեներալը, ՀՀ ԶՈՒ առաջին շտաբի պետը, նորանկախ Հայաստանի առաջին ռազմական գլխավոր տեսուչը ու մեր առաջին ուսուցիչներից մեկը:

ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում ընդգծեց, որ հրաժեշտ են տալիս պետական, ռազմական բացառիկ ազնվության տեր անձնավորությանը, որի ամբողջ կյանքը նվիրված է եղել հայ ժողովրդին, մեր պետականության կերտմանը, Հայկական բանակի կազմավորմանը. « Մի քանի առանձնահատկություններ կան, որ կուզեի իմանար մեր հանրությունը նրա մասին: Նա բացառիկ պետական եւ ռազմական գործիչ էր: Կարող էր հրամանատարական իր կետը թողնել եւ զինվորի հետ առաջ գնալ՝ նույնիսկ շատ դեպքերում առանց զենքի՝ ապացուցելով իր անձնուրացությունն ու խիզախությունը:

Այսօր Գուրգեն Հարությունիչը գնում է այնտեղ, որտեղից ծնվել է: Պետք է շաղախվի հայկական հողի հետ, որից նա ծնունդ է առել եւ իր ամբողջ կյանքում դժվարությունների, մաքառումների ճանապարհին ստեղծել այնպիսի դիրք, արժանապատվություն, որը գնահատանքի է արժանի ոչ միայն այսօր՝ հրաժեշտի պահին, այլ արժանի էր այն ժամանակ, երբ կենդանի էր: Գուրգեն Հարությունիչը ապացուցեց իր նվիրվածությունը հայրենիքին: Նա գնում է ամփոփվելու այն վայրում, որտեղ յուրաքանչյուր տարի ամփոփում ենք մեր մարտական ընկերներին, գնում է ամփոփելու այն զորավարների շարքը, որն այստեղ գլխավորում է մեր սպարապետը՝ Վազգեն Սարգսյանը:

Այսօր մայր հողին ենք հանձնում Գուրգեն Հարությունիչին, նրա մարմնի հանգստության համար ամենակարեւոր մեր պատասխանատվությունը կլինի այն, որ նրա տված գաղափարները, ցուցումները մեր այսօրվա գործունեության ընթացքում իրականացնենք: Գուրգեն Հարությունիչ, այդ հավիտենական կյանքում ապրելու վաստակը դուք ձեռք եք բերել ձեր կյանքի ընթացքում եւ այսօր կարող եք հանգիստ հանգչել մեր մարտական ընկերների կողքին՝ վստահ լինելով, որ այն, ինչ կիսատ եք թողել, կարողանալու ենք լրացնել: Հավերժ հիշատակ, Գուրգեն Հարությունիչ»:

Դարիբալթայանի աճյունն ամփոփվեց Անդրանիկ Օզանյանի շիրիմի կողքին:

Dalibalt_1 Dalibalt_2 Dalibaltayan_3 Dalibaltayan_5 Dalibaltayan_6 Dalibaltayan_7 Dalibaltayan_8 Dalibaltayan_9 Dalibaltayan_10 Dalibaltayan_11 Dalibaltayan_12 Dalibaltayan_14 Dalibaltayan_16 Dalibaltayan_17 Dalibaltayan_20 Dalibaltayan_22

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930