Հայաստանն առաջին անգամ կմասնակցի սեպտեմբերի 6-13-ը Թբիլիսիում կայանալիք «Միսս մոլորակ» միջազգային մրցույթին։
Մրցույթին 30 երկրի գեղեցկուհի է մասնակցում։ Մեր երկիրը կներկայացնի 17-ամյա մոդել Դայանա Դավթյանը։
«Ընդամենը մեկ ամիս առաջ են մեզ մասնակցության հրավեր ուղարկել: Մենք շատ կցանկանայինք, որ նախնական փուլն անցկացվեր մեր երկրում, բայց ժամանակի սղության և փաստաթղթային որոշակի խնդիրների պատճառով չհասցրինք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թոփ մոդել Հայաստան» ասոցիացիայի տնօրեն Լուսինե Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ արտաքինից բացի, իրենք կարևորել են նաև գեղեցկուհու ներքին կուլտուրան, լեզուների իմացությունը։ Մեր մասնակցից նա մեծ սպասելիքներ ունի։
Իսկ Դայանան ասաց, որ շատ ուրախ է ու հպարտ Հայաստանը ներկայացնելու համար. «Իհարկե, կարևոր է հաղթանակը, բայց երևի ավելի կարևոր է լավ ներկայանալը»,- հավելեց նա։
Հարցին՝ ինչ է ցանկանում աշխարհին, քանի որ գեղեցկության մրցույթներին սովորաբար այս հարցն է տրվում, նա պատասխանեց. «Աշխարհին ցանկանում եմ խաղաղություն և բարություն»։
Մրցույթի մյուս մասնակիցներին նա որպես մրցակիցների չի ընդունում. կարծում է, որ կընկերանա նրանց հետ։ Դայանան արդեն իսկ Հայաստանը խորհրդանշող նուռ և այլ նվերներ է պատրաստել նրանց համար։
Լ. Բաղդասարյանի փոխանցմամբ՝ մրցույթին Դայանան ներկայանալու է դիզայներ Ֆաինա Հարությունյանի ձևավորած զգեստներով և «Տերյան» մշակութային կենտրոնի տրամադրած տարազներով։
Մրցույթին մասնակցության ծախսերը հոգում են «Թոփ մոդել Հայաստան» ասոցիացիան և Դայանայի ընտանիքը։
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ