02 սեպտեմբեր, Երևան – Հպարտությամբ տեղեկացնում ենք Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Այո» հարթակի «Պաշտպանող պատ» ծրագրի ավարտի մասին, որի շնորհիվ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանապահ Այգեպար գյուղի դպրոցականներն ուսումնական տարին սկսեցին ապահով։
6 ամիս ակտիվ դրամահավաք Հայաստանում և նրա սահմաններից դուրս, տարբեր միջոցառումներ ու հասարակության ամենատարբեր շերտերի ուշադրության և հանգանակությունների շնորհիվ պաշտպանող պատը կառուցված է։
Այգեպարն ունի 648 բնակիչ, դպրոցում սովորում է 54 աշակերտ: Գյուղը շատ մոտ է Ադրբեջանի սահմանին, որոշ տներ սահմանից ընդամենը 100 մետր են հեռու, մանկապարտեզի ու դպրոցի շենքերը հեռու են մոտ 700 մետր: Հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ ադրբեջանցիների կրակոցներն ուղղված են հիմնականում քաղաքացիական շինություններին ու դպրոցին:
«Այո» հարթակի ծրագրի շնորհիվ երեք մետր բարձրություն և 70 մետր երկարություն ունեցող պատը կպաշտպանի դպրոցը փամփուշտներից, և երեխաները հնարավորություն կունենան անվտանգ պայմաններում ուսանել: Պատը փակում է դպրոցին հարող բոլոր վտանգավոր տարածքները, ինչպես նաև գյուղի կենտրոնական ճանապարհը դեպի գյուղապետարան, որտեղ տանող խարխլված աստիճանները նույնպես նորոգվել են:
Կարդացեք նաև
«Այո» թիմը շնորհակալություն է հայտնում ծրագրին մասնակցություն և աջակցություն ցուցաբերած բոլոր անհատներին, կազմակերպություններին, դպրոցներին և լրատվամիջոցներին։
Մամուլի հաղորդագրություն