«Հայազն» կուսակցությունը մերժում է Սահմանադրական բարեփոխումները: Այսօր «Անդրադարձ» ակումբում կուսակցության ներկայացուցիչ Արմեն Աղայանը թվարկեց մերժելու պատճառները. «Այստեղ մերժվում է մի քանի կետ` Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական բարեփոխումներ անելու իրավունքը: Մերժվում է սահմանադրական բարեփոխումների արատավոր մեխանիզմը: Մերժելի է նաև այն մոտիվացիան, որի համար էլ կատարվում է Սահմանադրության փոփոխությունը: Մերժվում է արատավոր այն պրակտիկան, որ ամեն անգամ, երբ վերեւներում մեկը Սահմանադրություն է գրում, ժողովրդին ներկայացնում են հանրաքվեի ժամանակ: Սերժ Սարգսյանն ուզում է երկարաձգել իր իշխանությունը, եւ դա է պատճառ դարձել Սահմանադրությունը փոխելու»:
Արմեն Աղայանի խոսքով, այն կարծիքին չեն, թե ՀՀ-ին նոր Սահմանադրություն պետք չէ, բայց այն նախագիծը, որը ներկայացվել է, հաստատման ենթակա չէ. «Պետք է լինել ակտիվ ու բոյկոտել, քաղաքացիների մեծ մասը հենց դա էլ անելու է, մեր խնդիրը տեսնում ենք ոչ միայն հանրաքվեին նախորդող ակցիաների ժամանակ, այլեւ հենց հանրաքվեի ժամանակ ընտրակեղծիքների մեխանիզմը բացահայտելու գործում»:
Կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանն էլ ճիշտ չի համարում, որ քաղաքական ուժերը չմերժեցին սահմանադրական բարեփոխումների քննարկմանը մասնակցելու առաջարկը: Ասաց՝ իրենք կմերժեին, եթե նման առաջարկ ստանային: Հետո ասաց, որ այն քաղաքական ուժերը, որոնք գնացին երկխոսության նախագահի հետ, իրականում ոչ թե երկխոսեցին, այլ մենախոսություն լսեցին.
«Շատ կասկածելի պայմաններում գնացին մասնակցելու ազգի վզին փաթաթվող չարեփոխումներին, այդ ուժերը չեմ կարծում, որ երբեւէ կկարողանան մարսել… Այս իշխանությունների հետ կարելի է բանակցել միայն մի հարցում՝ ինչպես անել, որ իշխանությունը երկրի համար նվազագույն վնասներով զոհել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ