ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսին:
Նաիրա Զոհրաբյանը դեսպանին ներկայացրել է Հայաստանի ներքին եւ արտաքին օրակարգի հիմնախնդիրները: Հիմնական անդրադարձը եղել է սահմանադրական փոփոխություններին: Ըստ դեսպանի՝ անչափ կարեւոր է, որ երկրի հիմնական քաղաքական ուժերը եւ նաեւ այնպիսի ծանրակշիռ քաղաքական կուսակցություն, ինչպիսին է «Բարգավաճ Հայաստանը», անպայմանորեն իր ակտիվ մասնակցությունն ունենա սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկումներին: Այս առնչությամբ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է կուսակցության մոտեցումները, դիտարկումները եւ մտահոգությունները ներկայացված փաթեթի մի քանի առանցքային դրույթների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության խնդիրները: Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն է հայտնել, որ այնպիսի կարեւորագույն հարթակում, ինչպիսին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն է, քաղաքական հանձնաժողովի նախագահ, ադրբեջանական հստակ կողմնորոշմամբ հանդես եկող հունական պատվիրակության ներկայացուցիչ Դորա Բակոյանիսն ուղղակիորեն ստվեր է գցում հայ-հունական խորհրդարանական հարաբերությունների վրա: Այս առնչությամբ դեսպանը նշել է, որ իրենց հայտնի է Դորա Բակոյանիսի կողմնորոշումը եւ պաշտոնապես հայտարարել է, որ բազմիցս ասվել է, որ վերջինս չի ներկայացնում Հունաստանի պաշտոնական դիրքորոշումը եւ այդ մասին հրապարակավ հայտարարություն է եղել:
Կողմերը քննարկել են նաեւ հայ-հունական խորհրդարանական կապերն առավել խորացնելու խնդիրը: Իոանիս Տայիսին նշել է, որ իրենք ուշադիր հետեւում են ԲՀԿ-ում տեղի ունեցող գործընթացներին եւ իրենց համար շատ ողջունելի է, որ այսօր կուսակցությունն իր ամուր դիրքերում է:
Կարդացեք նաև
Զրուցակիցները քննարկել են նաեւ Հունաստանում տիրող մտահոգիչ իրավիճակը. Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնել, որ Հունաստանը կկարողանա իր մեջ գտնել ներուժ եւ վճռականություն ստեղծված բավականին բարդ սոցիալտնտեսական իրավիճակից դուրս գալու համար:
ՀՀ ԱԺ