Երկու տարի առաջ այս օրը, մինչ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հարցազրույցներ էր տալիս ու պնդում, որ Հայաստանը մեկ ամսից, Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում ստորագրելու է ԵՄ-ի հետ Ասոցացման, խորը եւ համապարփակ, ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, Սերժ Սարգսյանը, Մոսկվայից, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձեռք սեղմեց եւ Հայտարարեց Հայաստանի`Մաքսային միությանն, ապա Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության մասին: Ի՞նչ տվեց Հայաստանին անդամակցելը մի միությանը, որի հետ անգամ ընդհանուր սահման չունի: Արձանագրվեցի՞ն արդյոք տնտեսական առաջընթացներ մեր երկրում, ինչը, նախագահի հայտարարությունից հետո, խոստանում էին տարբեր տրամաչափի կառավարական եւ իշխող կուսակցությունը ներկայացնող չինովնիկները: Հայաստանի`աշխարհաքաղաքական նախընտրությունից երկու տարի անց, այսօր, այս հարցերը «Մեդիա կենտրոնում» քննարկում էին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն ու քաղաքագետ, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Թեւան Պողոսյանն ասաց, թե անցնող երկու տարիների ընթացքում որեւէ դրական միտում Հայաստանում չի արձանագրվել, եւ այն հայտարարությունները, թե ԵԱՏՄ-ին անդամակցությունը բխում է Հայաստանի տնտեսական շահերից, թերեւս ավելի քան ակնհայտ դարձավ, որ իրականությանը չէին համապատասխանում: «Իսկապես, որեւէ մի դրական միտում, կամ հաղթանակ, շահ, որը Հայաստանը կունենար ԵՏՄ-ում, որը խոստացվել էր, մենք չենք տեսնում: Ի սկզբանե սխալ ուղի էր դա մեր երկրի համար, կարելի է ասել, որ ամեն ինչ կանխատեսելի էր»,- ասաց Թեւան Պողոսյանը:
Ըստ բանախոսի, Եվրոասոցացման համաձայնագրի ստորագրումը գուցե կարճաժամկետ հատվածի կտրվածքով եւս լայն հեռանկարներ չէր ապահովելու մեր երկրի համար, բայց ակնհայտ է, որ այն երկարաժամկետ հեռանկարներ էր բացելու:
Վերլուծելով երկու տարի առաջ տեղի ունեցած իրողություններին նախորդող զարգացումները, դրանց հաջորդած իրադարձությունները, Թեւան Պողոսյանը ցավով նկատեց, որ Հայաստանը դարձավ «տրամպլին»`Ուկրաինայի համար ու այդ խաղում, բոլորն առաջնորդվեցին բացառապես սեփական շահից ելնելով, բացի Հայաստանից:
Կարդացեք նաև
Ընդդիմադիր պատգամավորն ավելի ցավոտ է համարում այն, որ մեր իշխանությունները կատարվածից դասեր էլ չեն քաղել, քանի որ մեր արտադրողներին պահպանել-պաշտպանելու, տեղական արտադրանքը խթանելու փոխարեն կրկին տուրք են տալիս ներկրմանը:
Սահմանադրական բարեփոխումների ֆոնին, պատգամավորն առաջարկում է սահմանադրությամբ ամրագրել, որ նմանօրինակ որոշումները պետք է հանրաքվեով լինեն, որպեսզի մեկ մարդն այլեւս չկարողանա նման ճակատագրական որոշումներ փաթաթել բոլորի վզին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ