Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Մարզպետը փոխտնօրեն նշանակելու լիազորություն չունի»

Սեպտեմբեր 03,2015 13:21

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական, իր քրեական անցյալով հայտնի Զարզանդ Նիկողոսյանի՝ Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն նշանակվելը մեծ աղմուկ էր առաջացրել, ինչին հետեւեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի արձագանքը եւ հետագա քայլերը: Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Սյունիքի մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո որոշվել է չեղյալ հայտարարել փոխտնօրենի նշանակման մասին որոշումը:

Իր հերթին Սյունիքի մարզպետը հերքել էր, թե Զարզանդը պաշտոնանկ է արվել ԿԳ նախարարության միջամտությամբ, նույնիսկ ասել էր, որ ինքն է հրաման տվողն ու նշանակողը:

Եվ սա այն դեպքում, երբ դպրոցի տնօրենին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի  համաձայն՝ ընտրում է Կառավարման խորհուրդը, իսկ փոխտնօրենին նշանակում է հենց ինքը՝ տնօրենը:

Քանի որ կրթության ոլորտում ԿԳ նախարարության կրթության պետական տեսչությունն է, ի թիվս այլ հարցերի, նաեւ կրթության բնագավառի օրենսդրության միատեսակ և անկողմնակալ կիրառման ապահովման երաշխավորը, Aravot.am-ը ՀՀ ԿԳ նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանից հետաքրքրվեց՝ մի՞թե Սյունիքի մարզպետը օրենքով փոխտնօրեն նշանակելու լիազորություն ունի, ինչպես պնդում է:

Aram_Karapetyan

Պարոն Կարապետյանն ի պատասխան ասաց. «ՀՀ օրենսդրությամբ փոխտնօրենին նշանակում է գործատուն, տվյալ պարագայում՝ տնօրենը: Իսկ տնօրենները կարող են տեղյակ պահել իրենց վերադասին՝ կրթության վարչության պետին, պետն էլ՝ մարզպետին: Ինչ-ինչ սխալներով եւ ԽԾԲ-ներով նշանակված փոխտնօրենի հրամանը կարող է նրա վերադասը չեղյալ հայտարարել: Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունում դպրոցների տնօրենները երեք ենթակայություն ունեն՝ Երեւան քաղաքինը Երեւանի քաղաքապետն է, մարզերինը՝ մարզպետները, նաեւ ԿԳ նախարարության ենթակայության դպրոցներ ունենք: Բոլոր դեպքերում փոխտնօրենը, ի տարբերություն տնօրենի, որեւէ մրցույթի չի մասնակցում: Տնօրենի կողմից փոխտնօրեն նշանակելու իրավասությունը տրված է դպրոցի օրինակելի կանոնադրությամբ, որը հաստատում է ՀՀ կառավարությունը: Ամեն մի դպրոց ՀՀ կառավարության այդ որոշումը տեղայնացնում է իր դպրոցի «հագով» եւ տանում է իր գործատուին՝ հաստատելու: Տվյալ դեպքում երեքն են հաստատողները՝ մարզպետները, քաղաքապետը եւ ԿԳ նախարարը:

Ինչ վերաբերում է Զարզանդ Նիկողոսյանի՝ Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն նշանակելուն, նման հրաման չի էլ եղել, որ չեղյալ հայտարարվի»:

Արամ Կարապետյանը նորից շեշտեց, որ կառավարման խորհուրդը ընտրում է դպրոցի տնօրենին, նրա հետ պայմանագիր կնքում է մարզպետը, բայց տնօրենն առաջին հերթին հաշվետու է խորհրդին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930