Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի տվյալներով, ինտերնետից օգտվողների թվի աճը հանգեցրել է վտանգների որակական աճի:
Այսօր «Սպուտնիկ» ակումբում ասուլիսի ժամանակ նա ասաց, որ Հայաստանում ինտերնետից օգտվողները սկսել են նաեւ ֆինանսապես տուժել:
Նա պատմեց՝ այս տարի Հայաստանում մեծ տարածում ունեցող կրիպտո վիրուսի մասին եւ ասաց, որ շատ օգտատերեր դրանից տուժեցին. «Այս վիրուսը ներթափանցում է համակարգիչ, կոդավորում բոլոր ֆայլերը, կոդավորողներն անում են յուրահատուկ ձեւով՝ պատկերացում կազմելով՝ ով է համակարգչի տերը, համակարգչում ինչ ֆայլեր են: Եթե հաշվապահի համակարգիչ է կամ մենեջեր, գումարները հասնում են մինչեւ երկու հազար եվրո, իսկ սովորական քաղաքացիները մի քանի հարյուր եվրոյով կազատվեն այդ վիրուսներից»:
Պարոն Մարտիրոսյանը անդրադարձավ նաեւ պրիմիտիվ գաղտնաբառերին, որոնցից օգտատերերը այդպես էլ չեն հրաժարվում. «Մարդիկ չեն հասկանում, որ գաղտնաբառերը այնպիսին չպետք է լինեն, որ իրենց դեմքին նայելով հնարավոր լինի կռահել: Սովորաբար տարածված պրիմիտիվ գաղտնաբառերից է ծննդյան տարեթիվը, շնիկի կամ երեխաների անունները: Լինում են դեպքեր, երբ մարդիկ բարդ գաղտնաբառ են հորինում ու բոլոր տեղերը օգտագործում»:
Կարդացեք նաև
Փորձագետը խորհուրդ տվեց օգտատերերին, թե ինչպես պայքարեն վիրուսների դեմ: Նախ հորդորեց խուսափել գողացված ծրագրերից օգտվելուց, ասաց՝ դրանք վատ են թարմանում: Նրա խոսքով, շատ դեպքերում օգտատերերը օգտվում են գողացված windows ծրագրից, չեն ունենում հակավիրուսային ծրագրեր կամ էլ անջատում են՝պատճառաբանելով, թե համակարգիչը թուլանում է. «Հակավիրուսային ծրագիրը պետք է հաճախ թարմացնել, պաշտպանել էլեկտրոնային փոստը, առավել պաշտպանվածը gmail_ն է, խորհուրդ կտամ gmail-ից օգտվել, չտեղադրել համակարգչում այնպիսի ծրագրեր, որոնք պաշտոնական խանութից չեն գնվել, որովհետեւ օրինակ կարող եք խաղ տեղադրել, բայց այդ խաղը կարող է ձեր անունից ձեր գաղտնաբառն ուղարկել ուրիշներին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ