Ներկայումս Տավուշի մարզի սահմանագոտում հարաբերական անդորր է, Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհը բաց է:
Իջեւանի տարածաշրջանի Բերքաբերի բնակիչներից տեղեկացանք, որ գիշերը խաղաղ է անցել, սակայն առավոտյան ժամը 6-ի սահմաններում ադրբեջանցիները կրակել են գյուղի վրա: Ադրբեջանական զինուժի երեկվա կրակից Բերքաբերում տուժել է ավտոմեքենա, տների տանիքներ եւ այլն: Գյուղից որոշ թվով մանկահասակ երեխաներ անվտանգության նկատառումներով տարհանվել են: Բերքաբեր-Սարիգյուղ ճանապարհը բաց է:
Ադրբեջանական ռմբակոծության հետեւանքով Ներքին Ծաղկավանում վնասվել է մի անասնագոմ:
Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղում երեկ երեկոյան վիրավորվել է 2 բնակիչ, այրվել են Շահվելադ Հարությունյանի խոտի դեզը, կից անասնագոմն ու դրա մոտ կայանած երկու ավտոմեքենաներ: Այրվել է նաեւ Վանիկ Ջանվելյանի խոտի դեզը:
Կարդացեք նաև
Ադրբեջանական կրակը եղել է նաեւ Կոթիի դպրոցի թաղի ուղղությամբ, ականներից մեկի բեկորը խոցել է դպրոցի պատը: Անվտանգության նպատակով Կոթիի միջնակարգ դպրոցում այսօր դասեր չեն անցկացվել: Ադրբեջանական գնդակոծության հետեւանքով Տավուշի սահմանամերձ այլ գյուղերում եւս կան նյութական վնասներ:
Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարներն անվտանգության նկատառումներով հրաժարվում են հեռախոսով հայտնել սահմանագոտու իրավիճակի մասին, քանի որ նրանց խոսակցությունները գաղտնալսվում են ադրբեջանական բանակի ռադիոհետախուզության կողմից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ