Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգավոր դրույթներ սահմանադրական փոփոխությունների նախագծում. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 03,2015 12:10

Արտաքին ճակատում ավելի ճկուն գործելու եւ հնարավոր ճնշումները բացառելու համար խիստ կարեւոր է սահմանադրության 203-րդ հոդվածով սահմանվող այն դրույթը, համաձայն որի. «Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ հարցը լուծվում է հանրաքվեի միջոցով»։

Սակայն չպետք է մոռանալ, որ սահմանադրության առաջարկվող նախագիծը որոշակի սողանցք է թողնում նման արգելքի հաղթահարման համար, քանզի Ազգային ժողովին տալիս է սահմանադրության փոփոխության իրավունք, իսկ 203-րդ հոդվածը չի ներառում անփոփոխելի հոդվածների շարքում։

Այսինքն՝ ԱԺ-ն կարող է փոխել այն՝ առանց ժողովրդի կամքը հարցնելու եւ որոշում կայացնել Հայաստանը որեւէ վերպետական կազմակերպության մեջ ներառելու կամ Արցախի հարցի մասին։

Կարծում ենք, խախտված է սեփականության բազմազանության սկզբունքը, այսինքն՝ չի նշված Հայաստանում պետական սեփականության գոյության հնարավորության մասին։

Իսկ դա նշանակում է, որ բացի հողից, որի ձեռքբերումը օտարերկրացիների կողմից կարգավորվելու է օրենքով, մնացած ամեն ինչ կարող է գնվել ու վաճառվել, օրինակ՝ պաշտպանության նախարարության շենքը կամ՝ Մատենադարանը։

Վտանգավոր է նաեւ օտարերկրացիների կողմից հողի ձեռքբերումը օրենքի կարգավորմանը թողնելը, քանի որ ազգային անվտանգությանն առնչվող այդ խնդիրը չի կարելի թողնել Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունման պարզ ընթացակարգին, այսինքն՝ ի վերջո, այս կամ այն իշխող կուսակցության քմահաճույքին։

Սահմանադրության բարեփոխված տարբերակը չի նախատեսում նաեւ իշխող կուսակցությանն ու նրա առաջադրած վարչապետին պատասխանատվության կանչելու գործուն աշխատակարգեր, եթե նրանք խախտում են սահմանադրությունն ու օրենքները։

Այսպես. եթե առաջարկվող նախագծի 140-րդ հոդվածով նախատեսվում է, որ «Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության, ինչպես նաեւ սահմանադրության կոպիտ խախտման համար», ապա անհասկանալի է, թե նույն հանցագործությունները վարչապետի կողմից կատարվելու դեպքում ո՞վ եւ ինչպե՞ս է նրան պատասխանատվության ենթարկելու։

Ստացվում է, որ ներկայումս գործող սահմանադրությամբ երկրի թիվ մեկ պաշտոնատար անձի՝ նախագահի վրա դրվող առաջնային մանդատը վերապահելով խորհրդարանական մեծամասնությանը՝ փոշիացվում է նրան պատասխանատվության ենթարկելու հարցը։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ դասական պարտոկրատիայի ձեւավորման ուղի, որի պայմաններում խորհրդային նոմենկլատուրան պատասխանատվություն չէր կրում երկրում գործող օրենքների շրջանակներում։ Դա իրականացվում էր կուսակցական դատական մարմնի միջոցով:

Հարց է առաջանում. եթե առաջարկվող սահմանադրության նախագծի ընդունումից հետո Ազգային ժողովի ընտրություններում ձեւավորված խորհրդարանական մեծամասնությունը կայացնի որոշումներ, որոնք սպառնալիք են ստեղծում երկրի տարածքային ամբողջականության կամ Արցախի հարցի լուծման համար, իսկ նրա նշանակած վարչապետը կատարի պետական դավաճանություն կամ այլ ծանր հանցագործություն, ապա ի՞նչ ընթացակարգով են նրանք ենթարկվելու պատասխանատվության։ Չէ՞ որ օրենսդիր իշխանությունը գտնվելու է իրենց ձեռքին, դատականը նշանակվելու է իրենց իսկ կողմից, իսկ սահմանադրության մեջ բացակայելու է երկրի գործադիր իշխանության ղեկավարին՝ վարչապետին, պատասխանատվության ենթարկելու որոշակի ու հստակ աշխատակարգը։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում
  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930