Պաշտոնական վիճակագիրներն այս տարվա յոթ ամիսների արդյունքներով 5,1 տոկոս տնտեսական աճ են արձանագրել։ Փաստորեն, մարդիկ այնքան տաղանդավոր են, որ նույնիսկ համատարած անկումների, նվազումների եւ բնակչության աղքատացման պայմաններում կարողանում են տնտեսական աճ գրել։ Իսկ դուք ասում եք՝ չի կարող պատահել։ Պատկերացնում եք, թե պաշտոնական վիճակագիրներն ինչ «հրաշքներ» կգործեին, եթե տնտեսության ցուցանիշներն էլ աճողական լինեին։
Ինչեւէ, Հայաստանի բնակչությունը, ինչպես հայտնի է, երկու խմբի է բաժանվում՝ աշխատավարձով եւ արտերկրում գտնվող հարազատների ուղարկած տրանսֆերտներով ապրողներ։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե քանի որ այս երկու խմբերի ապրուստի միջոցները խիստ տարբեր են, ապա չեն կարող կապակցված լինել, սակայն հանրահայտ իրողությունն այն է, որ դրանք մեկը մյուսից ուղղակի կախվածության մեջ են։ Եթե արտերկրից եկող գումարները նվազում են, ապա ստացողների գնողունակությունը եւս նվազում է, դրա հաշվին նվազում են նաեւ նրանց ապրանք վաճառողների կամ ծառայություններ մատուցողների ֆինանսական հնարավորությունները։
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրությունից հայտնի է դառնում, որ արտերկրից Հայաստան եկող տրանսֆերտները հուլիսին, ինչպես նախորդ ամիսներին, անցած տարվա ցուցանիշից զգալի պակաս են եղել։ Մասնավորապես, ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկած ոչ առեւտրային նպատակներով գումարների զուտ ներհոսքը (Հայաստան փոխանցված եւ Հայաստանից արտերկիր փոխանցված գումարների տարբերությունը) կազմել 1110 միլիոն 592 հազար դոլար։ Անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 164 միլիոն 555 հազար դոլար։ Սա հենց այն գումարն է, որը ստանում են արտերկրում հարազատ ունեցող հայաստանցիները։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում