Նոր ուսումնական տարին արդեն մեկնարկել է, բայց Վայոց ձորի մարզի առաջին դասարանցիները դեռեւս չեն ստացել խոստացված պլանշետները։
Հիշեցնենք, որ կառավարությունը տարիներ առաջ ձեռնարկել էր «Մեկ երեխա՝ մեկ համակարգիչ» ծրագիրը։
Սկզբում նշվում էր, որ համակարգիչ պետք է տրամադրվի հանրակրթական դպրոցների յուրաքանչյուր առաջին դասարանցու։ Ընդ որում՝ սա իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի դրույթներից է։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռ 2012-ին հայտարարել էր, որ դպրոցականներին համակարգիչներով ապահովելու ծրագիրը 5 տարի ժամկետի համար է, եւ որ այդ ընթացքում իրենց քաղաքական թիմը դա հաջողությամբ կիրականացնի։
2013-ին էլ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էր ասել, որ իրենք ապահովելու են, որ 2016թ. սեպտեմբերի 1-ից սկսած՝ առաջին դասարան հաճախող յուրաքանչյուր երեխա պետության կողմից ստանա անվճար համակարգիչ։
Կարդացեք նաև
Հետո ժամկետները փոփոխվեցին, ու որոշվեց, որ ծրագիրը փուլային կլինի եւ այս տարվա սեպտեմբերից նախ կփորձարկվի Վայոց ձորում, որն, ի դեպ, Հայաստանի ամենափոքրաթիվ բնակչություն ունեցող մարզն է, իսկ համակարգիչն էլ «փոքրացավ», դարձավ պլանշետ։ Փորձարկման համար սահմանվել է 4 տարի ժամկետ, որից 2 տարի անց պետք է կատարվի վերլուծություն՝ գնահատելու ծրագրի արդյունավետությունը։
Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ասաց, որ վերոնշյալ մարզի առաջին դասարանցիներին պլանշետները կբաժանվեն հոկտեմբերի կեսին։ Այժմ, ըստ նրա, կրթական հաստատություններում ապահովվում է ինտերնետ դաշտը։ «739 առաջին դասարանցիներ կստանան պլանշետներ։ Հայոց լեզու եւ մաթեմատիկա առարկաների ծրագրերում կատարվել են փոփոխություններ, որտեղ տեղ են գտել պլանշետով աշխատելու գործընթացները։ Իսկ ուսուցիչները վերապատրաստվում են»,- մանրամասնեց նա։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում