Որոշ պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում հղիներին համոզում են,
թե իբր օրենք է փոխվել, եւ ստիպում են պտղի սեռն իմանալու համար գումար վճարել:
Մի շարք պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում հղիներին խաբելու նոր ձեւ են գտել: Այս դեպքում ոչ ավել-ոչ պակաս հղիներին հրաժարվում են հայտնել պտղի սեռը՝ պատճառաբանելով, թե օրենք է փոխվել: Հղում են կատարում «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքին, իբր այն լրացվել է, եւ դրանում կա մի դրույթ, համաձայն որի՝ մինչեւ պտղի 30 շաբաթական դառնալը բժիշկներին արգելվում է ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը: Սակայն զավեշտալին այն է, որ նաեւ զգուշացնում են հղիներին՝ եթե, այսպես կոչված, պետական վճարում անեն՝ 6000 դրամ, ապա այդ դեպքում բժիշկներն արդեն իրավունք կունենան ծնողներին հայտնելու մանկիկի սեռը: «Առավոտին» այս խնդրով դիմել են տարբեր բուժհաստատություններում հաշվառված հղիներ, սակայն խնդրել նաեւ, որպեսզի այդ բուժհաստատությունների եւ իրենց անունները չհրապարակենք: Սակայն ՀՀ առողջապահության նախարարության` նշված ոլորտի պատասխանատուների խնդրանքով նրանց ենք փոխանցել այդ տվյալները, որպեսզի այդ բուժհաստատությունների աշխատակիցներին, որոնք հղիներից գումարներ են շորթել, պատասխանատվության ենթարկեն:
Թեեւ բուժհաստատություններում օրենքի փոփոխության պատճառաբանության ներքո հղիներից գումարներ են պոկում, բայց իրականում «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում նման փոփոխություն չի կատարվել եւ չի էլ նախատեսվում: Վերջին անգամ այս օրենքում փոփոխություն է կատարվել 2015-ի մարտի 30-ին, եւ ՀՀ ԱԺ-ի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ այդ փոփոխություններից ոչ մեկում նման դրույթ գոյություն չունի:
«Առավոտը» զրուցեց նաեւ ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության մայրական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի հետ:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ օրենքում պտղի սեռը հայտնել-չհայտնելու հետ կապված փոփոխություն կատարվե՞լ է, նա ի պատասխան մեր բարձրացրած խնդրի՝ զարմացավ. «Պտղի սեռի մասին ինֆորմացիա չտրամադրելու դրույթ օրենքը չի պարունակում, ո՞նց կարող է կոնսուլտացիաներում նման բան կիրառեն, առավել եւս գումար պահանջեն, դա ենթակա է պատասխանատվության»: Տիկին Ավագյանը վստահեցրեց, որ օրենքի նախագծում, որն արժանացել է ՀՀ կառավարության կողմից հավանության եւ այժմ գտնվում է ԱԺ-ում, նման դրույթ ընդհանրապես չկա: Այս առիթով նա մանրամասնեց. «ԱԺ ներկայացված տարբերակում կա փոփոխման երկու դրույթ: Մեկն այն է, որ 12 շաբաթականից բարձր հղիության ընդհատումն արգելվում է, եւ եթե նման դեպք հայտնաբերվի, ապա այդ բժիշկը կենթարկվի վարչական տուգանքի, իսկ մի քանի անգամ կրկնվելու դեպքում կկիրառվեն նաեւ պատժի այլ ձեւեր: Երկրորդ դրույթի համաձայն՝ ցանկացած հղիության ընդհատման դեպքի կապակցությամբ կնոջը տրվում է երեք օր՝ իր որոշման մասին խորհելու համար: Այդ ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգները հղի կնոջը ցույց են տալիս, որ սա քո պտուղն է, սա նրա սիրտն է, թաթիկները, որպեսզի հղին տպավորվի եւ եւս մեկ անգամ մտածի իր որոշման մասին: Մեր ներկայացրած փոփոխությունները աբորտների դեմ են, ոչ թե միայն սեռով պայմանավորված: Ուստի եւս մեկ անգամ վստահեցնում եմ, որ եթե բուժհաստատություններում պտղի սեռի վերաբերյալ ինֆորմացիան չեն տրամադրում, գումար են պահանջում, ապա այդ դեպքում տվյալ բժիշկը պետք է ենթարկվի պատասխանատվության»:
Նշենք նաեւ, որ բուժհաստատություններում հղիներից գումար պոկելու այլ տարածված ձեւեր էլ են կիրառում. օրինակ՝ գումար են պահանջում սոնոգրաֆիայի, անալիզներ հանձնելու համար:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.09..2015