Երեկ «Փաստարկ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի թեման վերջերս Սեւանա լճում 6-7 մետր խորությամբ հայտնաբերված նախնական տվյալներով տասնյակ հազարավոր տարեկան կենդանու, հավանաբար, բիզոնի կամ վայրի տուրի ողն էր:
Այն հայտնաբերել են «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի դայվինգ դեպարտամենտի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը, հրահանգիչ Արտակ Ալմասակյանը, կենսաբանական գիտությունների թեկնածու Իվան Գաբրիելյանը: Վերջինը, ինչպես նաեւ կենսաբանական գիտությունների դոկտոր Նինա Մանասերյանը գտածոյի առաջին հետազոտողներն են: Նրանք էլ ասուլիսի հյուրերն էին:
Բանախոսները պատմեցին, որ իրենք տարիներ շարունակ միայն իրենց ուժերով հետազոտում են Սեւանա լճի ընդերքը, որ հայտնաբերել են ամենատարբեր կենդանիների, անգամ եղջերուների եւ ուղտի ոսկորներ, հնադարյան կենցաղային ու ռազմական իրեր ու գործիքներ, ընդհուպ մինչեւ ձեռակերտ շինություններ: Բայց այս մեկը հնագիտական եւ կենսաբանական բացառիկ արժեք ունի: Նրանք նշեցին, որ շարունակելու են պեղումները, սակայն առանց պետական կամ մասնավոր լուրջ ներդրումների ու օժանդակության շատ բան անել չեն կարող:
«Առավոտը» հետաքրքրվեց, թե պետությունը տեղյա՞կ է իրենց աշխատանքից, եթե այո, չի՞ մտածում օժանդակելու մասին, պատասխանը եղավ. «Տեղյակ են: Պատասխանն էլ մեկն է՝ գումար չկա»: Բանախոսների խոսքով արտասահմանյան արշավախմբերի հետ աշխատելուց իրենք խուսափում են, քանի որ այդ դեպքում գտածոները որպես կանոն ուսումնասիրելու նպատակով հանվում են երկրից դուրս ու հայտնի չէ, թե դրանք երբեւէ կվերադարձվե՞ն:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե գտածոյի ճշգրիտ տարիքը որոշելու համար հետազոտում կատարվե՞լ է: «Ոչ: Դա թանկ հետազոտություն է, որի հնարավորությունը չունենք: Բայց մի խնդիր էլ կա. Այդ հետազոտությունների ժամանակ նմուշն ամբողջությամբ քայքայվում է: Այնպես որ, մենք կարող ենք այն կորցնել»:
Կարդացեք նաև
«Այաս» ակումբը համոզված է, որ ավելի ճիշտ է, որպեսզի գիտնականները տիրապետեն դայվինգին եւ իրենց հետ միասին ընկղմվեն ջուրը, քանի որ տեսածի մասին պատմածները լսելով կամ լուսանկարները դիտելով չեն կարող վերլուծություններ կատարել: Դրա համար իրենք պատրաստ են նրանց սովորեցնել դայվերի մասնագիտությունը: Նրանք գտնում են նաեւ, որ գտածոների պահպանությունը եւ ցուցադրությունը ճիշտ կազմակերպելու դեպքում Հայաստանում կզարգանա զբոսաշրջությունը: Բայց նաեւ մտահոգություն ունեն: «Մենք գիտակցաբար չենք նշում, թե որտեղ ենք իրականացնում ստորջրյա պեղումները, քանի որ կարող են հայտնվել բախտախնդիր մարդիկ: Վերջին շրջանում նաեւ ստորջրյա տուրիզմի առաջխաղացում է նկատվում: Բայց չգիտենք՝ դրանով ուրախանա՞նք, թե ոչ: Որովհետեւ, եթե մարդը քարտեզի վրա մատը դնի հենց այդ տեղի վրա եւ ցանկանա սուզվել, չես կարող մերժել»,- ասացին նրանք:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.09..2015