Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանափոխության նոր վերջնաժամկետ՝ 2016-ի ապրիլի 24

Սեպտեմբեր 03,2015 16:00

Հիմնադիր խորհրդարանը ռեժիմի տապալման շուրջ ընդդիմության համախմբում է տեսնում, բայց վախենում է, որ «սրիկաներն» օգտվեն իշխանափոխությունից:

Ընդդիմությունը բազմաթիվ անգամ վերջնաժամկետ է ասել իշխանությանը հեռացնելու, ՀՀԿ-ի բուրգը քանդելու, քարը քարի վրա չթողնելու մասին: Եղել են դեպքեր, երբ նշել են իշխանափոխության օր ու ժամ, բայց այդպես էլ այդ բուրգը տեղից չեն շարժել:

Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, խոսելով ապրիլի 24-ի երեկոյան ձեռնարկվող իշխանափոխության մասին, ասել էր, որ դա ընդամենը մի քանի օրվա հարց է: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը մեր հարցին՝ ե՞րբ է գալու իշխանափոխության այդ վերջնաժամկետը, որն ընդդիմությունն անընդհատ նշում է, պատասխանեց, թե երբեք վերջնաժամկետ, հատուկ օր չի դրվել. «Եթե խոսքը գնում է Հիմնադիր խորհրդարանի մասին, մենք ասել ենք «100-ամյակն առանց ռեժիմի», իսկ դրան դեռ ժամանակ կա: Դեռ 2015 թիվն է, 100-ամյակն ամբողջ տարին է, որ ճիշտ նայենք, 100-ամյակն ավարտվում է 2016-ի ապրիլի 24-ին: Եթե վերջնաժամկետ դնելու լինենք, ես կասեմ այդ ամսաթիվը: Բայց դա այնքան էլ էական չէ: Մենք ուզում էինք վերջնաժամկետով փոխանցել, որ մենք արյուն ենք կորցնում, ժողովուրդը գնում է: Իսկ ժողովուրդ կորցնելով՝ արնաքամ ենք դառնում: Եթե դու արյուն ես կորցնում, չես կարող բարեփոխում կատարել: Հետեւաբար մենք ասում էինք՝ ժողովուրդ, Վովա Գասպարյանի ասած՝ սթափվե՛ք, մենք այդ ռեսուրսն էլ չենք ունենալու: Միայն վիճակագրությունը ցույց է տալիս, թե ինչքան ժողովուրդ է գնացել, աղքատության վիճակագրությունը, հարուստների եւ աղքատների մեջտեղի տարբերությունները, սրանք արդեն ահազանգեր են: Պետք է նայել, թե չորս կողմդ ինչ է կատարվում»:

Մեր հարցին՝ այսօր պոտենցիալ կա՞ իշխանափոխության գործընթաց սկսելու եւ ռեժիմին հեռացնելու, Կարո Եղնուկյանը պատասխանեց. «Այնքան է պոտենցիալը բարելավվել, որ օդում միասնական համագործակցության միտումներ կան: Քաղաքացիական, քաղաքական շարժումները, այսօր դա երեւում է, որ բոլորն էլ հասկանում են հրատապությունը հարցի, եւ հասկանում են, որ միայնակ դժվար է: Միայնակ էլ կարող են, անհնարին բան չկա, 50 հոգով էլ կարող են միայնակ ինչ-որ բան փոխել, բայց շատ ավելի հեշտ է, եթե դա արվի միասնական: Բոլորն էլ հասկանում են հարցի կարեւորությունը, բոլորն էլ ունեն այդ փափագը: Մնում է դա ի մի բերել եւ գոնե համաձայնվել այն հարցերի շուրջ, որի հետ կապված չունեն առարկություն»:

Թե որ հարցերն են միացնում ընդդիմությանը, ըստ Կարո Եղնուկյանի՝ իշխանությանը հասնելը: Բայց մեթոդներն են տարբեր. «Մեկը ասում է՝ ընտրություններով, մեկը ասում է՝ հեղափոխությամբ, մեկն ասում է՝ քաղաքացիական անհնազանդությամբ: Այստեղ Հիմնադիր խորհրդարանը մեկ քայլ առաջ է գնացել եւ ասում է՝ հասկացանք, հեռացրեցիք, բա հետո՞: Անցումային շրջանն է շատ կարեւոր, որը եթե չլինի՝ ուր ես գնալու, կարող է եւ չհասնես: Ասում են՝ հեղափոխություններն անում են իդեալիստները, օգտվում սրիկաները: Հիմա որ այդ սրիկաները մեջտեղ չգան, պետք է անցումային շրջան ունենալ, որտեղ կոնկրետ քայլեր պետք է արվեն՝ իշխանությանը հասնելու համար»:

Մեր հարցին՝ եթե ընդդիմությունն իրար չի վստահում, մեկը մյուսին ասում է՝ դու իշխանությանն ես ծախված, սադրիչ ես, ընտրություն կեղծող ես, ինչպե՞ս եք պատկերացնում այդ ընդդիմության համախմբումը, Կարո Եղնուկյանը պատասխանեց, որ դա այնքան էլ խանգարող հանգամանք չէ, եթե կա նախագիծ. «Եթե շենք ես կառուցում նախագծով, եւ շինարարը 10 քարի փոխարեն 9 քար է դնում պատի մեջ՝ բացահայտվում է: Երբ որ դու քայլերի նախագիծ ունենաս, նրանք, ովքեր ներդրված են, ԿԳԲ-ի անդամ են, իրենք չեն կարող շարունակել, այսպես թե այնպես դուրս են մնալու»:

Կարո Եղնուկյանը վստահ է , որ վաղ թե ուշ իշխանափոխություն լինելու է. «Մենք կուզենանք, որ դա լինի մինչեւ 2016-ի ապրիլի 24-ը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930