Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակ տղամարդն» ու «ոչ»-ի ճակատը

Սեպտեմբեր 03,2015 15:30

Սկիզբը` այստեղ: 

Քանի դեռ քննարկվում է սահմանադրական փոփոխությունների թեմայով Սերժ Սարգսյանի հետ կոնսուլտացիաների գնալու համար այս կամ այն գործչի «դավաճան» լինելու հարցը, արժե առհասարակ հռետորական հարց ուղղել. ո՞վ ասաց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը համաձայնելը Սերժ Սարգսյանի հետ «ձեռք սեղմելուն» հավասար չէր: Թե՞ այդ ընտրությունը Հայաստանի զարգացման հնարավորությունների ու ապագայի համար պակաս կարեւոր էր, քան այսօր՝ սահմանադրական փոփոխությունները: Ո՞վ ասաց, որ Սերժ Սարգսյանի կայացրած որոշմանը կողմ լինելով՝ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը պատասխանատվություն չեն կիսում գործող իշխանության հետ Հայաստանի եվրասիական մշուշոտ ապագայի համար: Կիսում են, այն էլ ինչպես: Ավելին՝ եթե Հայաստանի զարգացման հեռանկարի, նման լուրջ վեկտորի ուղղությամբ նույնն են ընդդիմության եւ իշխանության պատկերացումները, ապա նրանց միմյանցով փոխելու անհրաժեշտությունը ո՞րն է:

Բայց դառնանք այսօրվա թիվ մեկ թեմային` Քոչարյանի հնարավոր վերադարձին: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը armtimes.com-ին հաստատել է, որ Քոչարյանն առաջիկայում հարցազրույց է տալու սահմանադրական փոփոխությունների թեմայով, որոնք նա չի ողջունում: Հիմա բոլորը սպասում են Քոչարյանի վերադարձին արտերկրից ու նրա հարցազրույցին:

Իսկ մինչ այդ «ոչ»-ի ճակատի անդամագրվողների պակաս չի զգացվում. ԲՀԿ-ից անջատված թեւ, «Ժառանգություն», ՀԱԿ, «Նոր ժամանակներ», Գառնիկ Իսագուլյանն ու Արամ Հարությունյանը, ՀԽ. սրանք են «ոչ»-ի լայն ճակատին մաս կազմող պոտենցիալ ուժերը: Բայց այսօրվանից արդեն պետք է հստակ արձանագրել, որ այս բոլոր ուժերը «ոչ»-ի ճակատին մաս են կազմելու՝ հստակ գիտակցելով, որ այդ պայքարը նախեւառաջ ծառայելու է Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին: Ինչ-որ առումով սա իշխանության համար ձեռնտու տարբերակ է, որովհետեւ Քոչարյանը կլինի Հայաստանի ամենախոցելի ընդդիմադիրը: Հայաստանում հզոր ընդդիմադիր շարժում եղել է Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարմամբ, երբ այս առաջնորդները վայելել են հասարակության լիակատար վստահությունն ու աջակցությունը: Բայց Քոչարյանի տասնամյա իշխանավարումը հասարակությունը չի ցանկանում հիշել, քանի որ այն արթնացնում է, մեղմ ասած, ոչ այնքան լավ հիշողություններ` Հոկտեմբերի 27, բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններ, մամուլի դեմ ոտնձգություններ եւ վերջապես՝ Մարտի 1: Քոչարյանին կարող են սատարել Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից վերջերս նեղացածները, Քոչարյանի կառավարման տարիների կարոտախտով տառապողները, որոնք այսօր Սերժ Սարգսյանի թիմից դուրս են, եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը ամեն գնով տապալելու ջատագովները:

Այն, որ այսօր քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորությունը` անկախ այն բանից, թե նա վերջնական ինչ որոշում կկայացնի, սա արդեն մեր քաղաքական դաշտի ողբերգությունն է: Այս մթնոլորտի ձեւավորման համար նախեւառաջ պատասխանատու է 2008-ից սկիզբ առած, բայց իր քաղաքական նպատակներին չհասած շարժումը: Այն պահից սկսած, երբ ի հայտ եկավ «քաղաքագիտական վերլուծությունը»` իշխանական բուրգի մաս կազմող Գագիկ Ծառուկյանի հետ «Սերժ Սարգսյանի ռեժիմը տապալելու» ծրագրով, արդեն իսկ պարզ էր, որ որեւէ պահից խաղի մեջ կարող է մտնել Ռոբերտ Քոչարյանը: Ավելին՝ նրա վերադարձի համար նախադրյալները ժամանակի ընթացքում ավելի ու ավելի էին ամրապնդվում:

Օրինակ՝ 2012թ. մարտի 30-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը խոսելով ՀԱԿ դաշինքի նախընտրական ծրագրի հիմնադրույթների թեմայի շրջանակներում՝ ներկայացնում էր 2008-2011թթ. «վարչախմբի ապիկար ու հանցավոր գործունեության հետեւանքով» ստեղծված իրավիճակը եւ բառացիորեն այսպես բնորոշեց Սերժ Սարգսյանի իշխանությունը. «Այսպիսի ավազակաբարո իշխանություն եւ դաժան լուծ Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում չի տեսել»։ Թեեւ ավելի վաղ Տեր-Պետրոսյանն իր բազմաթիվ ելույթներում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների միջեւ հավասարության նշան էր դնում, այս ելույթով արդեն իսկ պարզ էր, որ նա տարանջատում է Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանից:

Մինչդեռ 2008-ի հուլիսի 4-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանն իր ելույթը նվիրել էր Քոչարյանի «փառահեղ գահակալության» տասնամյակին: Այսօր հարկ է այն հիշեցնել. «Կեղծ տեղեկանքի եւ ապօրինի ընտրությունների միջոցով բազմեց Հանրապետության նախագահի աթոռին, 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության շնորհիվ ամրապնդեց իր իշխանությունը, խափանեց այդ ոճրագործության լիակատար բացահայտումը, պարտակեց տասնյակ այլ աղմկոտ սպանություններ, ոչնչացրեց օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախությունը, ստեղծեց քրեական աշխարհի հասկացություններով առաջնորդվող ավազակապետական համակարգ, կեղծեց իր օրոք կայացած բոլոր ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն, վերացրեց խոսքի, մամուլի, հավաքների ազատությունը, վարչախմբի վերահսկողության տակ դրեց բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները, փակեց «Ա1+» եւ «Նոյան տապան» հեռուստակայանները եւ հարկային տեռորի ենթարկեց ԳԱԼԱ հ/ը-ն, սիստեմատիկաբար ուռճացրեց ՀՀ տնտեսական զարգացման վիճակագրական տվյալները, ՀՀ-ն ենթարկեց լիակատար քաղաքական եւ տնտեսական մեկուսացման, կոռուպցիան, խնամիությունը, հովանավորչությունը, ռեկետը վերածեց պետական քաղաքականության, խոշոր գործարարներին ազատեց օրինական հարկեր վճարելու պարտավորությունից, դրամի արհեստական արժեւորման հետեւանքով կործանեց արտահանող արդյունաբերությունը եւ հսկայական գերշահույթներ ապահովեց ներմուծման բնագավառում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների համար, ծաղկեցրեց իր ընտանեկան բիզնեսը եւ դիզեց հսկայական հարստություն, տնտեսական աճի ի ցույց դրվող երկնիշ թվերի եւ խաղաղության պայմաններում երկրի բնակչությունը նվազեցրեց գաղթի ճամփան բռնած կես միլիոն մարդով…»:

Այնուհետեւ գալով Ռ. Քոչարյանի եւ Վ. Օսկանյանի արտաքին քաղաքականության «ձեռքբերումներին»՝ Տեր-Պետրոսյանը առանձնացրել էր. ԼՂ-ից Հայաստան տեղափոխեց շուրջ 15 հազար մարդու, նա կորցրեց ԼՂ հարցի բարենպաստ լուծման մի քանի առիթներ, ԼՂ-ն դուրս մղեց բանակցությունների գործընթացից, ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը վերածեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի, սերունդներին կտակեց իր ղարաբաղյան քաղաքականության պսակը հանդիսացող ՄԱԿ-ի ԳԱ խայտառակ բանաձեւը, ահագնացրեց ԼՂ-ում պատերազմի վերսկսման վտանգը, խորացրեց հայ-թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը, չնչին պարտքի դիմաց իր նախաձեռնությամբ ՌԴ-ին հանձնեց ՀՀ ողջ էներգետիկ համակարգը: «Պատմությունը, սակայն, մոռանալու է նրա թե՛ հայտնի, թե՛ ծածուկ գործերի մանրամասները: Հանրագումարի բերելով մեր հերոսի կամ «վոյինի» գործունեությունը` պատմությունը նրան հիշելու եւ բնութագրելու է ընդամենը մեկ նախադասությամբ, այն է. «Ռոբերտ Քոչարյան անունով ոմն բռնազավթիչ, երկիցս ապօրինաբար տիրելով հանրապետության նախագահի աթոռին, իր գահակալությունն սկսեց եւ ավարտեց արյունահեղությամբ, Հայաստանը վերածեց ավազակապետության եւ ի չիք դարձրեց Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման հնարավորությունը»,- նշեց ընդդիմության առաջնորդը:

Մինչդեռ 2012թ. մարտի 1-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը արդեն խոսում էր ԲՀԿ-ին Վարդան Օսկանյանի անդամագրության թեմայով եւ բացատրում, որ քաղաքական հավակնություններ ունեցող Օսկանյանին աջակից հենարան էր պետք, իսկ «սոլիդ կուսակցության իմիջ ձեռք բերելու ձգտող Բարգավաճին՝ միջազգային դիվանագիտական շրջանակներում վերջինիս վայելած հեղինակությունը», ապա հավելում. «Չգիտես ինչու, սակայն, այս պարզ բացատրությունը մի կողմ թողած, դավադրության տեսության կողմնակիցները տվյալ քաղաքական գործարքի եւ ընդհանրապես «Բարգավաճ Հայաստանի» հետ կապված ցանկացած անցուդարձի ետեւում փորձում են տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները։ Դրանով նրանք մի կողմից՝ ժխտելով Օսկանյանի եւ Ծառուկյանի ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը, նրանց հատկացնում են խրտվիլակի դերակատարություն, մյուս կողմից՝ Քոչարյանի ուրվականով սարսափեցնելով ժողովրդին, նպաստում են Սերժ Սարգսյանի բռնապետության ամրապնդմանը։ Ինչեւիցե, եթե Օսկանյանի անդամագրումը «Բարգավաճ Հայաստանին» խորացնելու է իշխող կոալիցիայի ներսում առաջացած հակասությունները եւ նպաստելու ԲՀԿ-ի՝ որպես լիովին անկախ քաղաքական ուժի կայացմանը, ապա նրա քայլը կարելի է միայն ողջունել։ Ինչ վերաբերում է ականջներին, ապա չբացառելով թե՛ Քոչարյանի քաղաքական հավակնությունները, թե՛ Ծառուկյանի ու Օսկանյանի մտերմական հարաբերությունները նրա հետ, դրանք, այդուհանդերձ, պետք է դիտել որպես քաղաքական բովանդակությունից բոլորովին զուրկ հանգամանքներ, քանի որ, ինչպես մի առիթով նշել եմ, ներկա իրավիճակում «միակ տղամարդը» կամ «ամենաերիտասարդ թոշակառուն» քաղաքական գործոն դառնալու որեւէ հնարավորություն չունի։ Ավելին՝ քանի դեռ Սարգսյանն իր տեղում է, նա այդ մասին անգամ չի կարող երազել։ Ռոբերտ Քոչարյանը խորտակված, իսկ Սերժ Սարգսյանը խորտակվող նավ է, եւ այն ուժը, որը սեփական ճակատագիրը կկապի նրանց հետ, իր քաղաքական մահկանացուն կնքելու ավելի կարճ ճանապարհ չի կարող ընտրել»։

Այս ելույթից երեք տարի է անցել, այսօր հայաստանյան քաղաքական դաշտի մի հատվածի վերջին հույսը Ռոբերտ Քոչարյանն է դարձել ու նրա շուրջ հնարավոր կոնսոլիդացիան: Իսկ Տեր-Պետրոսյանի համար թե որքանով է «խորտակված նավ» Քոչարյանը, թերեւս, պարզ կդառնա նրա առաջիկա հարցազրույցից հետո, երբ առաջին նախագահը ստիպված կլինի դիրքորոշում արտահայտել Քոչարյանի հետ ճանապարհ անցնելու հնարավորություններին: Մի հատկանշական դրվագ եւս. 2008թ. սեպտեմբերի 2-ին «Երեւան» հյուրանոցում հրավիրած մամլո ասուլիսում Տեր-Պետրոսյանը կատակել էր Քոչարյանի հետ համագործակցության թեմայով. «Ես չգիտեմ` հիմա Ռոբերտ Քոչարյանն ինչով է զբաղվում: Երբ որ նա կմտնի քաղաքականություն, ես էլ մնամ քաղաքականության մեջ, բնականաբար, մենք կլինենք մրցակիցներ, չի բացառվում նաեւ ինչ-որ պահի դաշնակիցներ դառնանք: Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է… Չէ, սա կատակ էր, բայց քաղաքականությունը կարող է ունենալ տարօրինակ վայրիվերումներ»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930