Վարունգի թթվից բուտուլիզմի թունավորումով
տեղափոխվել են ուղիղ վերակենդանացման բաժանմունք
Նախօրեին բուտուլիզմի թունավորումով ծանր վիճակով հիվանդանոց էր տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ, 1980 թվականին ծնված Քրիստինե Սարուխանյանը: Նա կերել էր պահածոյացված բանջարեղեն՝ վարունգի թթու: Ուտելուց հետո նա իրեն շատ վատ է զգացել, գլխացավեր, սրտխառնոց, որովայնի ցավեր, երկտեսություն ու դժվարաշնչություն է ունեցել եւ միայն մեկ օր անց տեղափոխվել է հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխել Քրիստինեի 12-ամյա որդուն, քրոջը ու հարեւանուհուն:
Համաճարակաբանների խումբը մեկնելով նրա հայրական տուն, որը գտնվում է Գյումրիից ոչ հեռու Բասեն գյուղում, տանտերերի հետ տարվող երկարատեւ բացատրական աշխատանքներից հետո միջոցառումներ են իրականացրել. ոչնչացրել են մոտ 45 կիլոգրամ պահածոյացված բանջարեղեն՝ կանաչ, կարմիր պղպեղներ, մարինատ վարունգ, լոբի, բադրիջան: Դրանք թափել են հորատիկ զուգարանում, այնպիսի տեղ, որ կենդանիներն անգամ մոտ չգնան, ու վարակազերծել են ախտահանիչ նյութով:
Կարդացեք նաև
Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ Շիրակ մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանը: Ըստ նրա՝ իրենք ահազանգը ստացել են կիրակի օրը եւ հենց նույն օրը արյան նմուշ են վերցրել ու օգտագործված կասկածելի սննդամթերքի նմուշառում են կատարել:
«Ժամը մեկ հետաքրքրվում ենք հիվանդանոցներում գտնվողների վիճակով, ասեմ, որ արդեն դրական դինամիկա կա նրանց մոտ»,- ասաց Վարդան Ուռուտյանը: Հիշեցնենք, որ բուտուլիզմը սննդային թունավորում է: Սրանից խուսափելու համար առողջապահության նախարարության մասնագետները տնային տնտեսուհիներին խորհուրդ են տալիս հատկապես լոբու, կարմիր բիբարի, բադրիջանի, լոլիկի, շուշանի եւ այլ բանջարեղեններով պահածոներ չպատրաստել եւ գնել գործարանային արտադրության, քանի որ տնային պայմաններում պատրաստման կանոնները չպահպանելու՝ համապատասխան ջերմաստիճան չապահովելու դեպքում այնտեղ կարող է զարգանալ բուտուլիզմ: Ըստ մասնագետների՝ անվտանգ են միայն մուրաբաները:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.09..2015