Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահասը հրազենն ուղղել էր իր ընկերոջ ուղղությումբ, զրկել նրան տեսողությունից

Սեպտեմբեր 03,2015 14:00

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ է կայացրել անչափահաս, Երեւանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանի աշակերտ Ա. Ծ.-ի նկատմամբ: Անչափահասը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման:

Դպրոցականն իրավապահ մարմիններին հայտնել էր, թե անցյալ տարվա սեպտեմբերին Հարավ -արեւմտյան Ա-1 թաղամասում՝ երաժշտական դպրոցի մոտ գտել էր օդաճնշիչ ատրճանակ: Ըստ Ա.Ծ.-ի՝ ատրճանակը նա պահել է իր մոտ: Զենքը գտնելուց մի քանի օր հետո՝ սեպտեմբերի 5-ին, շենքերից մեկի մոտակայքում հանդիպել է տուժող Արմեն Ավագյանին, նրա ընկերոջը՝  Արտյոմ Առաքելյանին:

Մինչ նրանք կբարեւեին միմյանց, տղաներին է մոտեցել Ա. Ծ.-ի բակի 9-ամյա երեխաներից մեկը: Ա.Ծ.-ն երեխային դեմքով էր ճանաչում, բայց ոչ անունով:
Երեխան դիմելով Ա.Ծ.-ին՝ ասել է, թե Արմեն Ավագյանը նեղացրել է իրեն:

Ա.Ծ.-ն, գործի նյութերի համաձայն, դիտողություն է արել, ինչից վեճ է ծագել: Ա.Ծ.-ն եւ Արմենը հարվածներ են հասցրել միմյանց, ու այդ ժամանակ Ա.Ծ.-ն գրպանից հանել է ատրճանակն ու կրակել ընկերոջ ուղղությամբ:

Ըստ Ա. Ծ.-ի, ինքը կրակելիս չի պատկերացրել, թե ինչ կարող էր պատահել: Իրականում վնասվել է ընկերոջ աջ աչքը, նրա այդ աչքը կուրացել է: Տուժողին պատճառվել է ծանր վնաս:

Դատաքննության ժամանակ անչափահաս ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել: Նա ցուցմունք էր տվել, հայտնելով դատարանին, որ երկու տարի է, ինչ ճանաչում է տուժողին՝ Արմենին, որի հետ գտնվել է ընկերական նորմալ փոխհարաբերությունների մեջ:
Դեպքի օրը ամբաստանյալը նկատել էր Արմենին, նրա ընկերոջը, բարեւել էր, ապա երբ շենքի մոտ իր բակի երեխաներից մեկը մոտեցել եւ ասել էր, թե Արմենը մոր հասցեին հայհոյանք է տվել, նա Արմենին դիմել է՝ ասելով, որ երեխային չպետք է նեղացնել:
Հարվածել էին միմյանց:

Ի դեպ, նրանց վեճի ժամանակ, ձայներից մոտակա տարածքում գտնվող տարեց մարդիկ են մոտեցել, փորձել են բաժանել տաքացած դպրոցականներին: Սակայն մինչ կբաժանեին նրանց, Ա. Ծ.-ն իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակել է Արմենի ուղղությամբ:

Կրակոցից հետո տեսնելով, որ տուժողն արյունոտ է, նա նրան ուղեկցել է մոտակա ցայտաղբյուրի մոտ, օգնել է լվացվել, ապա հեռացել է:

Նա զենքը նետել էր քարերի մեջ ու գնացել էր տուն:

Ամբաստանյալը դատարանում հայտնել էր, թե Արմենին վնասվածք պատճառելու մտադրություն չի ունեցել, պարզապես կրակել է վախեցնելու համար, կրակելուց չի գիտակցել, թե նա կարող է վնասվածք ստանալ:

Տուժողի օրինական ներկայացուցիչ Ռաֆայել Կռոյանը դատարանին հայտնել է, որ տուժող կողմը կատարել է բավական մեծ ծախսեր՝ երեխայի բուժման, դեղորայքի, սննդի համար, եւ ներկայացրել է 11034743 դրամի պահանջ:

Նշենք, որ վկա Արտյոմ Առաքելյանը ցուցմունք էր տվել, որ հանդիպել են ընկերոջ հետ, ճանաչել է Ա. Ծ.-ին: Նրանք, ճիշտ է, սովորել են նույն դպրոցում, սակայն ընկերություն չեն արել:

Նկարագրելով դեպքի օրը՝ վկան հայտնել էր, թե թաղամասի շենքերից մեկի բակում նկատել է հավաքված տասնյակ մարդկանց, որոնց մեջ իրեն ծանոթ մարդ չի տեսել:
Բնականաբար, չի մոտեցել, իսկ մի քանի օր հետո իմացել է, որ Ա. Ծ.-ն կռվել է թաղամասի տղաներից մեկի հետ ու հասցրել վնասվածք: Նա տեղեկություն չի ունեցել անգամ, թե ինչով է Ա. Ծ.-ն հարվածել:

Անչափահասի օրինական ներկայացուցիչ Տանյա Հակոբյանը, «Առավոտի» տեղեկություններով, դիմել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան, որը դատավորներ Գագիկ Ավետիսյանի, Սեգեյ Չիչոյանի եւ Ռուզաննա Բարսեղյանի մասնակցությամբ կքննի բողոքը:
Բողոքաբերի ներկայացուցիչը խնդրում է բեկանել դատավճիռը, չկիրառել Ա.Ծ.-ի պատիժը, իսկ ազատազրկման ձեւով պատիժ նշանակելու անհնարինության դեպքում կիրառել նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930