«Օրենքի գերակայություն» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՌԱՀ անդամ, իրավաբան Արմեն Մկրտչյանն «Առավոտի» հարցին, թե արդյոք ժամանակի՞ն էր ՀՀ սահմանադրության նոր նախագծի շրջանառությունը, ի՞նչ կտա այն իր փոփոխություններով, պատասխանեց. «Իրավական իմաստով պետք է նշեմ, որ նույնիսկ Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությունը իր կառուցվածքով եւ բովանդակությամբ ավելի ժամանակակից եւ ամբողջական է:
Քաղաքական առումով ընտրվել է մի ժամանակաշրջան, երբ որ ընտրություններին դեռ բավականին ժամանակ կա եւ քաղաքական ուժերը կարող են հանրությանը հանգիստ, առանց ավելորդ նախընտրական շահարկումների ներկայացնել իրենց դիրքորոշումը, լսել հանրությանը հուզող բոլոր հարցերը եւ գտնել, ըստ իրենց, ճիշտ լուծումը»:
Ըստ զրուցակցիս. «Իհարկե, Սահմանադրությունը թիվ մեկ իրավական փաստաթուղթն է, եւ ողջունելի է, որ այսօր բավականին լուրջ քննարկումների առարկա է դարձել թե իրավաբանների (սահմանադրագետների) եւ թե հասարակական-քաղաքական գործիչների համար։
Բայց հաշվի առնելով, որ նախագիծը դեռ պետք է անցնի խորհրդարանով (եւ բնական է՝ ենթարկվի որոշակի փոփոխությունների), ինչպես նաեւ այն, որ իրենց մասնագիտական կարծիքը արտահայտել են գրեթե բոլոր ինձ հայտնի իրավաբան-գիտնականները, չէի ցանկանա կենտրոնանալ բովանդակային հարցերի շուրջ։
Ինձ համար շատ ավելի կարեւոր է այն հանգամանքը, որ այս գործընթացը տալիս է նոր հնարավորություններ մեր հասարակությանը։ Ստեղծվեց նոր հարթակ քաղաքակիրթ բանավեճերի, քաղաքական եւ քաղաքացիական շարժումների համար։ Մեր երկրին անհրաժեշտ են փոփոխություններ, որպես կանոն, դրանք առաջարկվում են կամ ներքեւից, կամ վերեւից։ Երեւի խարտիայի ժամանակներն անցել են եւ իշխանությունը՝ ի դեմս նախագահի, առաջարկեց սահմանադրական բարեփոխումներ»։
Կարդացեք նաև
Արմեն Մկրտչյանը կարծում է, որ ցանկացած փոփոխություն, որն արվում է քննարկումների մասնակիցների մեծ շրջանակը ապահովելով, ներգրավելով հասարակության տարբեր շերտերը, բերում է դրական զարգացումների։
«Հոգնել ենք «դինամիկ», «քայլ առ քայլ», «կամաց-կամաց» բառերից։ Մեզ պետք են ոչ ստանդարտ, առաջադեմ, կրեատիվ լուծումներ։ Նոր նախագիծը տալիս է նոր իրավիճակի մթնոլորտի հնարավորություն, որը չօգտագործելը գտնում եմ մեծ շռայլություն մեր երկրի համար, եւ հենց դրա համար էլ բոլոր կողմերը (չեմ ուզում բաժանել այո եւ ոչ-ի) շատ ավելի հիմնովի մոտեցում պետք է դրսեւորեն եւ չսահմանափակվեն սեւով եւ սպիտակով, այլ իրենց պատկերացումները, իսկ ավելի ճիշտ, համոզմունքներն արտահայտեն, թե ինչպիսին է լինելու իրականությունը հանրաքվեից հետո։
Ես համոզված եմ, որ հասարակությունը սպասում է փոփոխությունների, քանի որ դրանցով է պայմանավորված առաջընթացը»։
«Առավոտ» օրաթերթ
02.09..2015