Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ արտիստը միավորում է մնջախաղն ու բալետը

Սեպտեմբեր 03,2015 12:00

Կարեն Խաչատրյանը մտմտում է նաեւ
սեփական լիբրետոյով մոնոներկայացում բեմադրելու մասին

Բեմարվեստում կան ժանրեր, որոնք բնույթով մոտ են իրար, այս դեպքում՝ մնջախաղն ու բալետը, թեեւ մնջախաղում գերիշխում է դերասանական պլաստիկան, իսկ բալետում՝ պարայինը: Արեւմուտքում երբեմն հանդիպում ենք պարային մնջախաղ եւ մնջախաղային բալետ ձեւակերպումների: Արտիստը, որը որոշում է կայացրել հանդես գալ երկու ժանրերում, պետք է հավասարաչափ աշխատի եւ պարային, եւ արտիստական որակների հղկման վրա, եւ երկու դեպքում էլ գլխավոր խնդիրը մարմնի պլաստիկայի կատարելագործումն է: Մոդեռն բալետային ներկայացումների երեւան գալուն պես միաձուլվեցին մնջախաղն ու բալետը:

Վերջին շրջանում մնջախաղային եւ բալետային ներկայացումներում հանդիպում ենք Կարեն Խաչատրյանին, որը Երեւանի պետական մնջախաղի թատրոնի արտիստ է: Նա զբաղված է թատրոնի խաղացանկային ներկայացումներում, կերտելով գլխավոր կերպարներ, այդ թվում՝ «Շերանիկում», «Թռիչքում», «Չարի ծաղիկներում»: Անցյալ թատերաշրջանում էլ Ազգային օպերային թատրոնում բեմադրված Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիայով «Զույգ արեգակներ» եւ Ռիմա Պիպոյանի «Մեղապարտ կրքեր» մոդեռն ներկայացումներում արտիստին հանդիպեցինք դարձյալ գլխավոր դերապարերով: Արվեստագետին հանդիպեցինք նաեւ Արինա Արարատյանի թատրոնում «Չիպոլինոյի արկածները» բեմադրությունում (ըստ Կարեն Խաչատուրյանի «Չիպոլինո» բալետի), որտեղ զբաղված էին դրամատիկ ճանաչված դերասաններ Լեւոն Հարությունյանը, Արսեն Գրիգորյանը, Սուրեն Առուստամյանը եւ այլն: Այս թատրոնում արտիստը հանդես է գալիս ջազային եւ ժամանակակից բեմադրություններում: Նա ներգրավված է եղել նաեւ ժամանակին Սերժ Ավեդիքյանի բեմադրած «Անուշ» օպերայում, որտեղ հրավիրված էր ֆրանսիացի ճանաչված խորեոգրաֆ ու բեմանկարիչ Նիկոլա Մյուզենը, եւ Վահան Բադալյանի ռեժիսուրայով «Սիրո կամուրջ» մյուզիքլում (պարերի բեմադրությունը՝ Վալերի Արխիպովի):

Karen_Xachatryan

«Առավոտի» հետ զրույցում Կարեն Խաչատրյանը նշեց, որ ինքը մշտապես որոնումների մեջ է մարմնի պլաստիկայի կատարելագործման ուղղությամբ, ցանկություն ունի մեկնել Գերմանիա՝ վարպետության դասընթացների: Ասաց նաեւ, որ 2014թ. մասնակցել է միջազգային նախագծի թուրք խորեոգրաֆ Քորհան Բաշարանի եւ ամերիկացի Դեվիդ Դորֆմանի «Անավարտ» ժամանակակից ներկայացմանը: Այդ բեմադրությունը թուրք, ամերիկացի եւ հայ արտիստների հետ խաղացել են Նյու Յորքի Բրուկլինի երաժշտական ակադեմիայում, Երեւանում, ապա Ստամբուլում: Հետաքրքրվեցինք ներկայացման սյուժեով: «Այս նախագծին մասնակցեց նաեւ Երեւանի օպերային թատրոնի արտիստ Դավիթ Գրիգորյանը: Ինչ վերաբերում է սյուժեին, այն զերծ էր նույնիսկ որեւէ քննադատական ռեպլիկից: Ներկայացման ուղերձն էր աշխարհի բոլոր ազգերին՝ լինել ներողամիտ միմյանց նկատմամբ»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Հիմա ինքն իրեն ավելի շատ ո՞ր ժանրում է տեսնում՝ բալետայի՞ն, թե՞ մնջախաղային, արտիստը հակիրճ պատասխանեց. «Ինձ ձգում է մոդեռն Contemporary ոճը»:
Զրույցի ընթացքում արտիստին հիշեցրինք նաեւ աշխատանքը Նորայր Մեհրաբյանի ղեկավարած պարարվեստի «Բարեկամություն» պետական խորեոգրաֆիկ անսամբլում: «Ժամանակին ուսանել եմ «Բարեկամությանը» կից պարային ստուդիայում, ապա Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ Ժիրայր Դադասյանի արվեստանոցում»,- ասաց Կարեն Խաչատրյանը: Հետաքրքրությանը, թե առաջիկայում ի՞նչ բեմադրությունների կամ նախագծերի կմասնակցի, Կարեն Խաչատրյանն առանց մանրամասնելու ասաց, թե այս պահին հրավեր է ստացել Թբիլիսիի մոդեռն բալետից եւ մտմտում է սեփական լիբրետոյով մոնոներկայացման մասին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930