«Ժառանգությունը» դեմ է Սահմանադրության ցանկացած փոփոխության, որը առաջակում է այս ոչ լեգիտիմ իշխանությունը` «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Պարոն Սարգսյանը, ով ապօրինի նստած է իր աթոռին, փորձում է մտածել, որ ինքը ինչպես մնա պատկան առաջիկայում և ձևը գտել է, որ՝ ինձանից հետո, թեկուզ ջրհեղեղ․․․ եթե մինչև հիմա ավտորիտար էր, հիմա կլինի կուսակցապետություն: Իսկ այդ կուսակցապետությունը Հայաստան աշխարհը և Հայաստանի քաղաքացուն տանում է ոչ լավ ապագայի», – մասնավորապես, ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ընդդիմադիր առաջնորդը վաղը կուսակցության ժողով է անցկացնելու, հիմնական հարցը Սահմանադրական բարեփոխումներն են և դրանց դեմ պայքարը։ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով, իրենց խնդիրն ավելին է, քան միայն «ոչ»-ի պայքարը․ – «Մենք պատրաստ ենք համագործակցել, սովորել սեփական սխալներից և համագործակցել այն ուժերի հետ, ովքեր ուզում են ինքնիշխան սահմանադրական Հայաստան»:
«Ազատության» դիտարկմանը, թե սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերը խոստանում են «ոչ»-ի պայքարը իշխանափոխության վերածել, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ իրենք էլ իշխանությունների հրաժարականին կողմ և իր կարծիքով, եթե Սերժ Սարգսյանը խիղճ ու ղեկավարման ձիրք ունենար՝ պաշտոնից ինքնակամ կհեռանար։ «Այո՛, մենք պահանջում ենք Սերժ Սարգսյանի և իր վարչակարգի հրաժարականը և հեռացումը հանուն Հայաստանի Հանրապետության: Այսպես շարունակելով՝ Հայաստանը գնում է դեպի անդունդ», – հայտարարեց «Ժառանգության» հիմնադիրը:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանա «Ազատություն» ռ/կ-ի կայքում