Այսօր՝ Արցախի անկախության 24-ամյակին նվիրված ՀՅԴ երիտասարդական միության երիտասարդները արցախյան գոյամարտի թեմայով ցուցահանդես, ֆիլմի ցուցադրություն ու Արցախյան ազատամարտի թեմայով դասախոսություն էին կազմակերպել:
Միության երիտասարդներն ամեն տարի երեւանցիներին հիշեցնում են Արցախի անկախության մասին:
«Այս օր կարեւոր օր է, որ Արցախը որպես առանձին պետություն կարողացավ դուրս գալ դժվարին իրավիճակից եւ արցախյան այդ խառնաշփոթի մեջ կարողացավ անկախություն կերտել համահայկական ուժերով»,- ասաց ՀՅԴ Երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, երեւանցիներից քչերն են սովորաբար Արցախի անկախության օրը հիշում. «Հիմնականում չգիտեն, մենք էլ փորձում ենք պատմական ակնարկի նման ամփոփել օրվա կարեւորությունը՝ լուսանկարներով ներկայացնելով արցախյան գոյամարտի հերոսներին, որոնք իրենց կյանքով ազատագրեցին Արցախ աշխարհը»:
Լուսանկարների հեղինակները հիմնականում հենց ազատամարտիկներն են, ջոկատների հրամանատարներ:
Երիտասարդները ազատամարտի 24-ամյակը երեւանցիներին կշարունակեն հիշեցնել նաեւ վաղը՝ հյուսիսային պողոտայում, վաղը Շուշիի ազատագրման մասին պատմող ֆիլմի ցուցադրություն են նախատեսել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ