Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկի սպանության գործով պաշտպանը կրկնակի դատաբժշկական փորձաքննություն կատարելու միջնորդություն ներկայացրեց

Սեպտեմբեր 02,2015 19:45

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 2-ին դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվում էր հարեւանների կողմից ծեծի ենթարկվելուց հետո մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործի քննությունը:

Դատավոր Դավիթ Հարությունյանը խնդրեց դատավարության մասնակիցներին իրենց դիրքորոշումն արտահայտել այս գործը միացնելու նույն դեպքի վերաբերյալ մեկ այլ գործի հետ: Տուժողի իրավահաջորդի փաստաբան Տիգրան Մուրադյանն ասաց, որ համարում է ժամանակի խնայողություն կլինի, եթե գործերը միացնեն: Դատավորը որոշում կայացրեց միացնել գործերը:

Դատական նիստի ընթացքում Տիգրան Մուրադյանը ներկայացրեց իր միջնորդությունը. «Վարդան Թումանյանի մահվան պատճառի վերաբերյալ տարբեր իրար հակասող եզրակացությունների առկայության պայմաններում վարույթ իրականացնող մարմինը ավարտել է քննությունը եւ գործն ուղարկել է դատարան: Տուժողի իրավահաջորդը եւ ներկայացուցիչը համաձայն չեն լրացուցիչ եզրակացության հետ եւ ցանկանում են ապացուցել, որ մեղադրյալների արարքը ենթակա է որակավորման քրեական օրեսնգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ  եւ 14-րդ կետերով կամ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Սակայն քրեական վարույթ իրականացնող մարմինը զրկել է տուժողի իրավահաջորդին եւ նրա ներկայացուցիչին ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, քանի որ տարբեր իրար հակասող եզրակացությունների առկայության պայմաններում մերժել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին տուժող կողմի միջնորդությունները»:

Տիգրան Մուրադյանը միջնորդեց նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն. «Եթե դատարանը եւս մերժի կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու նշանակությունը, ապա դա կնշանակի, որ տուժողի իրավահաջորդը եւ նրա ներկայացուցիչը ամբողջապես զրկված կլինեն ապացույցներ ներկայացնելու եւ տուժողի շահերը պաշտպանելու հնարավորությունից»:

Ամբաստանյալների ներկայացուցիչ Հայկ Մկրտչյանն ասաց, որ բացակայում է քրեական օրենսգրքով նախատեսված կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու հիմքերից որեւէ մեկը: Նա հայտարարեց, որ կողմի միջնորդությունը ամբողջությամբ անհիմն է եւ ենթակա է մերժման:

Մեղադրողը միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու համար ժամանակ խնդրեց: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին:

Հիշեցնենք՝ Վիկտոր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սարգիս Վրեժի Ղուկասյանի և Գևորգ Բաբկենի Սարգսյանի հետ, ծեծի են ենթարկել Վարդան Սոսի Թումանյանին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930