Մեկ միասնական՝ «5900-BC» ապրանքանիշի ներքո Մոսկվայի հանրահայտ ՛՛CPM-Collection Premiere Moscow՛՛ ցուցահանդեսում ներկայացվել են հայաստանյան թեթև արդյունաբերության նմուշներ:
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ներգրավված հայաստանցի, իտալացի և գերմանացի բարձրակարգ դիզայներ-մոդելավորողները հայկական ընկերություններին օգնել են մշակել մոդելային շարք՝ հատուկ այս ցուցահանդեսին մասնակցելու համար: Հայկական տաղավարը ներառում է մեր երկրի 9 ընկերությունների արտադրանք: Իսկ «5900-BC» ապրանքանիշն ակնարկում է Հայաստանի թեթև արդյունաբերության հնամենի ավանդույթների մասին՝ խորհրդանշելով Հայաստանում հայտնաբերված կանացի ծղոտե շրջազգեստը, որը մասնագետների կողմից վերագրվել է Քրիստոսի ծննդից 5900 տարի առաջվա ժամանակաշրջանին:
Ցուցահանդեսը կտևի սեպտեմբերի 2-5-ը: ՛՛CPM-Collection Premiere Moscow՛՛-ն Ռուսաստանի Դաշնությունում թեթև արդյունաբերության ոլորտում ամենաճանաչվածներից է: ԷՔՍՊՈ-ի հիմնական այցելուները տվյալ արտադրանքի պատվիրատուները և ոլորտում մասնագիտացված լրատվամիջոցների ներկայացուցիչներն են: Ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 20 երկիր, այդ թվում՝ Ավստրիան, Կանադան, Չինաստանը, Խորվաթիան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ղազախստանը և այլն: Այս տարի ներկայացվում է շուրջ 1000 հավաքածու:
«Նման մեծամասշտաբ ու ճանաչված ԷՔՍՊՈ-ին մասնակցությունը, վստահաբար, կխթանի հայկական արտադրանքի առաջմղումը արտաքին շուկայում, ինչպես նաև այն լավ առիթ է ներկայացնելու հայկական թեթև արդյունաբերության հնարավորությունները»,- ցուցահանդեսի բացման առնչությամբ նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Արման Խաչատրյանը:
Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությանը, հավաքածուի մշակմանը Հիմնադրամի հետ համատեղ աջակցել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հայաստանյան գրասենյակը: Հավաքածուի պատկերագիրքը կարող եք գտնել հետևյալ հղումով:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն