Մեր երկրի՝ Արցախ աշխարհի, անկախության հռչակման 24 ամյակի առթիվ տոնական միջոցառումներ կայացան նաև Քաշաթաղի շրջանի տարբեր բնակավայրերում:
Առավոտյան մարդաշատ էր շրջկենտրոն Բերձորի Խաղաղության հրապարակը, որի հարևանությամբ է Արցախյան գոյամարտի նահատակներին նվիրված հուշահամալիրը: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ շրջվարչակազմի, ուժային կառույցների, քաղաքում գործող այլ հիմնարկությունների ղեկավարներն ու աշխատակիցները, դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները, հյուրեր (նաև՝ սփյուռքահայեր), բնակիչներ այցելեցին հուշահամալիր. ծաղիկներ խոնարհեցին այստեղի 3 խոնարհված պատերին, որոնց վրա Քաշաթաղի տարածքում մարտիրոսված 300-ից ավելի քաջորդիների անուններն են:
Հուշահամալիրում կանգուն են նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Շուշիի ազատագրման համար, «Հատուկ գնդի» մարտիրոսներին նվիրված, վերջերս ՀՀ ԵԿՄ «Դեպի Արցախ» ուխտագնացության շրջանակներում տեղադրված խաչքարի-հուշակոթողը(Ջուղայի՝ թուրք-ջարդարարների կողմից ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակ), այլ հուշարձաններ: Հնչեց Արցախի oրհներգը, լռության 1 րոպեով հարգանքի տուրք մատուցվեց այսօրվա համար մարտիրոսվածներին: Ներկաներին ողջունեցին Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգ դպրոցի սաները՝ հավաստելով, որ իրենք են անկախությունը կերտող հերոսների հետնորդները և իրենք են այս հողի վաղվա տերը՝ զինվորն ու շինարարը, բժիշկն ու հողագործը, ուսուցիչն ու իրավապահպանը:
Շնորհավորական խոսքով հանդես եկավ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը՝ կարևորելով, որ Անկախության ձեռքբերումը հիմք հանդիսացավ ինքնիշխան, ժողովրդավարական հանրապետության կայացմանը՝ իր բոլոր խորհրդանիշներով՝ դրոշ, զինանշան, օրհներգ, նախագահ և Ազգային Ժողով: Նշեց՝ այսուհետև ազգովի պետք է լծվենք պետականության կայացմանը: Անդրադարձավ այն հաջողություններին, որոնք այսօր ունենք. «…Այսօր ունենք լուրջ ձեռքբերումներ գրեթե բոլոր բնագավառներում՝ գյուղատնտեսություն, արտադրություն, կրթություն և վերջապես՝ մարտունակ բանակ, որի մարտիկներն իրենց կյանքը տվեցին այսօրվա համար՝ ազատ Արցախի համար»: Ս. Խաչատրյանը փառք տվեց մեր անկախությունը կերտողներին: Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, խոսելով անկախության կերտման գործում բազում հայորդիների հերոսացման, մաքառումների մասին, ասաց. «Պատմության դասերը կոփել են մեր ազգային ինքնագիտակցությունն ու պայքարելու կամքն ու սովորեցրել մի պարզ ճշմարտություն՝ հույսը երբեք չդնել օտարների ողորմածության վրա, վստահել միայն սեփական ուժերին: Մենք համոզվել ենք, որ 24-ամյա մեր անկախության գլխավոր նվաճումը հայոց բանակն է…»: Վ. Մովսիսյանը Արցախի Հանրապետության անկախության հռչակման և կայացման գործում կարևոր համարեց մեր ժողովրդի եռամիասնությունը:
Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի մասնաճյուղի ղեկավար Քերոբ Մովսեսյանը ասաց, որ արցախահայության բացահայտ ելույթը նոր փուլ նշանավորեց հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմության մեջ: Կարևորեց, որ ամբողջ հայ ժողովուրդը սատարեց արցախահայության պայքարը և լայնամասշտաբ պատերազմում ոսոխը հետ շպրտվեց: «Մեր խնդիրն է հայ պատանիների մոտ ձևավորել ընդհանուրի մի մասը կազմելու, ընդհանուրի համար սեփական ցանկությունները սահմանափակելու, ընդհանուր նպատակի շուրջ միավորվելու սովորություն»,- հավելեց Ք. Մովսեսյանը:
Շրջանային զինվորական կոմիսար Ստեփան Օհանջանյանը նշեց, որ Արցախի անկախության հռչակումը մեր ժողովրդի մեծագույն հաղթանակն է, որը կերտվեց, պաշտպանվեց և արժևորվեց հազարավոր հայորդիների կյանքի գնով: Անկախության հռչակումը նոր խթան հանդիսացավ հակառակորդի ագրեսիային դիմակայելու, բանակի կազմավորման և բնակչության անվտանգության ապահովման համար, հավելեց Ստ. Օհանջանյանը: Եղան նաև պարգևատրումներ: Բերձորի կայացման գործում նշանակալի ավանդի համար հնաբնակ 10-ից ավելի բերձորցիները շրջվարչակազմի ղեկավարի կողմից պարգևատրվեցին պատվոգրով: Հանդիսավոր մասից հետո կայացավ այցելություն Քաշաթաղի երկրագիտական թանգարան: Երեկոյան Բերձորի Վեհափառի հրապարակում կայացավ տոնական համերգ՝ Բերձորի մշակութային խմբերի մասնակցությամբ: Տոնական օրը եզրափակվեց հրավառությամբ:
Կարդացեք նաև
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ