Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բակունցի հետ կապված ամեն ինչ գորիսեցիների համար թանկ է ու հարազատ»

Սեպտեմբեր 02,2015 17:52

Ընդամենը մի քանի տարի առաջ բավականին անմխիթար և ոչ ներկայանալի վիճակում էր գտնվում Ակսել Բակունցի տուն-թանգարանն իր ծննդավայրում՝ Գորիսում: Այսօր արդեն այն վերանորոգված է և բաց այցելուների համար:

1968 թ. հիմնադրված թանգարանում հիմնանորոգման մեծածավալ աշխատանքներ են կատարվել 2012-2014 թթ.՝ ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ սոցիալական ներդրումների հիմնադրամի, Պոլսահայերի միության, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ:

Տուն-թանգարանն այժմ ունի երեք սենյակ և հացատուն: Անմիջապես մուտքի դիմաց բացվում է Բակունցի հուշասենյակը, որն անվանում են «Սանթրու կուճի օթախ»: Այդտեղ Բակունցի գրասեղանն է, վերնաշապիկը, կահույքը, մոր գործած գորգը: Հյուրասենյակում ներկայացված են գրողի կյանքն ու գործունեությունը, իսկ մյուս երկու սենյակներում նրա անձնական իրերն են: Բավականին տպավորիչ է խոհանոցը՝ թոնրատունը:

Bakunc_3 Bakunc_2 Bakunc_1 Bakunc_5

Նշենք, որ տուն-թանգարանը սկզբնապես եղել է Գորիսի մշակույթի բաժնի ենթակայության տակ, իսկ 1976 թվականից դարձել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գնահատմամբ՝ այս ձևաչափն առավել արդյունավետ է, քանի որ գլխավոր թանգարանի ֆոնդերը հնարավոր է օգտագործել մասնաճյուղ թանգարանն ավելի ակտիվ դարձնելու համար. «Բակունցի տուն-թանգարանի փորձի վրա հիմնվելով՝ եկել ենք այն եզրակացության, որ Համո Սահյանի ու Սերո Խանզադյանի թանգարանները ևս պետք է դառնան Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղեր»,- օրերս Սյունիքի մարզ կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Նրա դիտարկմամբ՝ այսպիսի թանգարանները բավականին լայն հնարավորություններ են տալիս նաև տարբեր միջոցառումներ իրականացնելու համար. «Շատ ճիշտ է, որ տուն-թանգարանները մեզ փոխանցում են իրենց ժամանակի միջավայրը, դարաշրջանը, կենցաղը: Կարծում եմ, որ այստեղ կարելի է և´ դասախոսություններ կարդալ, և´ կրթական ծրագրեր իրականացնել, և´ պատմական կենցաղը ներկայացնող միջոցառումներ կազմակերպել»,- ասաց Հ. Պողոսյանը:

Ա. Բակունցի տուն-թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանի փոխանցմամբ՝ թանգարանի հիմնական այցելուները ներքին զբոսաշրջիկներն են, քանի որ արտասահմանցիներին Բակունցն այնքան էլ հայտնի չէ:

«Բակունցը գորիսեցիների համար պաշտամունքի չափ սիրելի է, այնպես որ նրա հետ կապված ամեն ինչ գորիսեցիների համար թանկ է ու հարազատ: Իսկ զբոսաշրջիկներին ավելի շատ հետաքրքրում են ազգագրական տարրերով հարուստ խոհանոցը, Սարյանի, Ասլամազյանի կտավները, գրողի լուսանկարչական ապարատը, ինչպես նաև այգեգործական սրսկիչը (20-ականներին հենց Բակունցն է Գորիս բերել ծառերը մշակելու, սրսկելու մշակույթը): Մարդկանց հետաքրքրում է նաև գրողի ողբերգական մահը, մանավանդ որ այն տեղի է ունեցել ստալինյան բռնատիրության ժամանակաշրջանում»,- ասում է Ա. Բակունցի տուն-թանգարանի վարիչը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930