Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ բարեգործական ձեռնարկ Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ:
«Tecbuy» եւ «Airpo Tech» ընկերությունների սփյուռքահայ գործարարներ Տիգրան Տչաբլակյանը եւ Գրիգոր Ժաբուրյանը Հենրիխ Մխիթարյանին նվիրեցին իրենց հեղինակած «Էրեբունի հավերժ» ոսկյա ինքնահոս գրիչը, որի վրա պատկերված են հայկական խորհրդանիշեր:
Հենրիխ Մխիթարյանն իր հերթին անձնական ստորագրությամբ գնդակներ ու նվերներ հանձնեց «Հայկական Կարիտաս» ընկերության 30 շահառու երեխաների՝ Գյումրիից, Վանաձորից, Արտաշատից, Երեւանից, որոնց մեջ կային նաեւ Հայաստանում հանգրվանած սիրիահայ երեխաներ: Հայաստանի ազգային հավաքականի անդամը նաեւ ստորագրեց 2 մարզաշապիկ ու եւս 20 գնդակներ, որոնք կդրվեն բարեգործական աճուրդի, որից գոյացած գումարը կտրամադրվի Հայաստանի մանկատներին:
Միջոցառման ավարտին երեխաների հետ խմբով նկարվելուց առաջ Հենրիխ Մխիթարյանը նրանց մաղթեց, որպեսզի առողջ մեծանան, դառնան իրենց ընտրած գործի պրոֆեսիոնալներ եւ պիտանի լինեն իրենց երկրին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ