ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավորների հանդիպումը Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ դեռ շարունակվում է:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն Aravot.am-ի հարցին՝ շուրջ 300 առաջարկ եք ներկայացրել, կոնկրետ ո՞ր դրույթներն են, որ խիստ մտահոգում են Ձեր խմբակցությանը՝ պատասխանեց. «Բոլորը հոդված առ հոդված, կետ առ կետ քննարկվում են, որ հոդվածների շուրջ լինում են առաջարկություններ՝ քննարկվում են: Սահմանադրության մեջ չեմ կարծում լինեն այնպիսի դրույթներ, որոնք շատ սկզբունքային համարվեն, մեզ համար բոլորը սկզբունքային են: Կան խմբագրական տարբերակներ, կան սկզբունքային հարցեր: Համենայնդեպս, լիագումար նիստում պետք է ներկայացվի այն տարբերակը, որը ներկայացված է արդեն: Մենք ասում ենք մեր մտահոգությունները, այստեղ ողջ հանձնաժողովը չի, հանձնաժողովի անդամներն են, որոնք պետք է ներկայացնեն իրենց հանձնաժողովին: Այնտեղ նույնպես պետք է քննարկումներ լինեն, որոնց արդյունքում լիագումար նիստում առաջարկությունները պետք է ներկայացվեն»:
Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ խմբակցությունների ներկայացուցիչները այս հանդիպումների ընթացքում շատ դեպքերում համաձայնում են մասնագետների հետ, բայց կան դեպքեր, երբ առաջարկություններն ընդունվում են:
Հարցին՝ երկրորդ փուլի հետ կապված հնարավո՞ր է ինչ-որ փոփոխություններ լինեն՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ամեն ինչ գնում է շատ նորմալ, արդեն նոր ձեւակերպումով կլինի: Շատ հստակ է, որ եթե չի ձեւավորվում համապատասխան մեծամասնություն, կարող է լինել երկրորդ փուլ, մնացածը պետք է ձեւակերպվի Ընտրական օրենսգրքով: Այսինքն, շատ բան Սահմանադրությունում պետք չէ ամրագրել, որովհետեւ դա օրենքի նորմ է եւ Ընտրական օրենսգիրքը արդեն դրանք բոլորը կսահմանի»:
Կարդացեք նաև
Մենք ճշտեցինք, այսինքն, Վենետիկի հանձնաժողովի այդ առաջարկն ընդունվել է, որ տարեք դա Ընտրական օրենսգիրք՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Վենետիկի հանձնաժողովի հետ սա կարծես թե արդեն համաձայնեցված տարբերակ է, ինչը կլինի վերջնական տարբերակում»:
Այնուամենայնիվ, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ կայուն մեծամասնություն ձեւավորելու դրույթը պետք է մնա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ