Այսօրվանից դադարեցվել է Գյումրիի կենտրոնական հատվածներից մեկը սպասարկող թիվ 22 երթուղու աշխատանքը: Նշենք, որ այն, ըստ Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնյաների, շահագործում էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը: Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ երկու տարի շարունակ թե՛ ավագանու նիստերի , թե՚ մամուլի ասուլիսների ժամանակ զայրանում էր, որ այդ երթուղու տերը համայնքային բյուջե կոպեկ չի մուծում:
Սամվել Բալասանյանը 2014 թվականի մայիսին դատի էր տվել «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ-ին՝ պահանջելով դադարեցնել քաղաքապետարանի հետ կնքած պայմանագիրը, քանի որ վերջինս խախտել է ՀՀ կառավարության թիվ 762 որոշման 65 եւ 67 կետերը: Ու թեեւ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քաղաքապետ Բալասանյանի հայցը, սակայն «Սրընթաց ուղու» տնօրինությունը վճիռը բողոքարկել էր վերաքննիչ դատարան: Այստեղ անփոփոխ էին թողել վճիռը:
Սպասարկող ընկերությունը դիմել էր նաեւ Վճռաբեկ դատարան, որը սակայն վարույթ չէր ընդունել հայցը: 10 օր առաջ երկու կողմերին է հանձնվել դատարանի որոշումը, իսկ այսօրվանից դադարեցվել է երթուղու աշխատանքը:
Կարդացեք նաև
Այս մասին մեզ տեղեկացրեց Սամվել Բալասանյանի մամլո քարտուղար Լիլիթ Մակարյանը՝ նշելով, որ այսօրվանից տվյալ երթուղում ավելացրել են 3 մեծ, չինական ավտոբուսներ, որպեսզի ուղեւորափոխադրումների հետ խնդիրներ չառաջանան, պատրաստվում են մյուս երթուղիների պահուստային ֆոնդից եւս միկրովատուբուսներ խնդրել, մինչեւ որ տվյալ երթուղու համար մրցույթը կայանա:
Թե երկու քաղաքապետերի պայքարը ի՞նչ եկամուտների համար է, մեզ չհաջողվեց ճշտել. մեր հարցին՝ ինչքա՞ն գումար պիտի մուծեր «Սրընթաց ուղիներ» ՍՊՆ-ն քաղաքային բյուջե, որ չի արել, քաղաքապետարանից այդպես էլ պատասխան չստացանք: Սակայն ակնհայտ է, որ թիվ 22 երթուղին բավական եկամտաբեր է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
չինական ավտոբուսները և քաղաքի բոլոր գծերի բալասանյանին են ու իրա որդունն են, ու էնքան վատ են սպասարկում, որ 50 համարից օգտվողները մի քանի օր առաջ պաշարել էին քաղաքապետարանը, հետաքրքիր է բալասանյանի տիրապետության տակ գտնվող քաղաքի տրասպորտից քանի կոպեկ է մուտքագրվում քաղաքի բյուջե? ոչ մի կոպեկ, սաղ տանում է իրա տղու ընկերությունը:Հա մեկ էլ հետաքրքիր է էդ Գյումրու զարգացման հիմնադրամին ով ինչքան փող է տալիս? ասում են, քաղաքի շինարարների վզին բալասանյանը 50-50 տոկոս փայ է դրել, խաբար եք?