Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են «անփորձ թանն» ընտրել

Սեպտեմբեր 02,2015 16:36

Ինչպես տեղեկացել ենք, ՀՀԿ խմբակցության անդամներն ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանի եւ Հրայր Թովմասյանի հետ այսօր՝ սեպտեմբերի 2-ին քննարկում են նախագծի՝ իրենց համար վիճելի եւ մտահոգիչ դրույթները:

Շատերը քննադատում են, որ մեր Սահմանադրության նախագիծը Գերմանիայի եւ Իտալիայի Սահմանադրության խառնուրդ է, չփորձված մոդել, եւ հաշվի առնելով, որ մենք տնտեսական, արտաքին քաղաքականության առումով անկայուն վիճակում ենք գտնվում, ինչքանո՞վ է ճիշտ «անփորձ թանը» այս խառը իրավիճակում ընդունել: Հանդիպմանը մասնակցած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում այս հարցին պատասխանեց. «Նույն Վենետիկի հանձնաժողովը երբ հարցադրում էր արել, որ այս կամ այն դրույթը այս կամ այն երկրի Սահմանադրության մեջ արդեն առկա է, նույն մոտեցումները կան, ասել էր, որ այդ ամեն ինչը, այնուամենայնիվ պետք է տեղայնացնել եւ համապատասխանեցնել մեր երկրին, մեր մենթալիտետին: Այս առումով Սահմանադրությունը, կարծում եմ, հենց այդ սկզբունքով էլ գրվել է: Իհարկե, կարող ես դրույթները վերցնել Իտալիայի, Գերմանիայի կամ այլ երկրի սահմանադրություններից, բայց պարտադիր պետք է տեղայնացնես՝ սկսած մարդու իրավունքների այն դրույթներից, որ կինը եւ տղամարդը հավասար են, ամուսնությունը պետք է լինի կնոջ եւ տղամարդու միջեւ եւ այլն»:

Սփյուռքից դժգոհություններ կան, որ Սահմանադրության նախագծում ՀՀ քաղաքական, հասարակական, տնտեսական կյանքում սփյուռքի դերակատարության մասին հստակ ձեւակերպումներ չկան եւ նսեմացված է սփյուռքի դերը՝ Հովհաննես Սահակյանը չհամաձայնեց. «Ես այդ կարծիքին չեմ, բավականին հստակ են ձեւակերպումները: Սահմանադրությունը չի կարող շատ մանրամասնություններով կարգավորել, այդ ամեն ինչը պետք է կարգավորվի արդեն օրենքով: Ավելի մանրամասն եւ ընկալելի տարբերակով, ավելի նուրբ շերտերը օրենքով պետք է կարգավորվի: Դրա համար Սահմանադրությունը տալիս է ընդհանուր դրույթներ՝ սկզբունքային մոտեցումները: Ես այդտեղ խնդիր չեմ տեսնում»:

ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը մոտ 15 առաջարկ է ներկայացրել հանձնաժողովի անդամներին: Մեր հարցին՝ ո՞ր առաջարկների շուրջ է եղել համաձայնություն եւ ընդունել են՝ նա պատասխանեց, որ դրանք դեռ քննարկվում են եւ հանդիպման վերջում պարզ կլինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930