Արդեն մի քանի ժամ է ՀՀԿ խմբակցության անդամներն ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանի եւ Հրայր Թովմասյանի հետ քննարկում են նախագծի՝ իրենց համար վիճելի եւ մտահոգիչ դրույթները: Հանդիպումը սկսել է ժամը 12.00-ից:
Հանդիպմանը մասնակցում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ խմբակցության անդամներ Հակոբ Հակոբյանը, Հովհաննես Սահակյանը, Խոսրով Հարությունյանը, Գագիկ Մինասյանը, Գագիկ Մելիքյանը եւ Հայկ Բաբուխանյանը:
Հովհաննես Սահակյանը մոտ 54 առաջարկ է ներկայացրել: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այդ առաջարկներից մի մասի շուրջ արդեն համաձայնության են եկել հանձնաժողովի հետ. «Կան տեխնիկական հարցեր: Ոչ մի առաջարկ հենց այնպես չի արվում Բավականին ծավալուն եւ բովանդակային քննարկում է գնում ոչ միայն ինձ հետ, այլեւ մյուս պատգամավորների, ովքեր առաջարկություններ են ներկայացրել: Հիմա քննարկում ենք այստեղ, որ Պետաիրավական մեր հանձնաժողովում ավելի հագեցած լինեն մեր մոտեցումները»:
Կարդացեք նաև
Հայաստանի ինքնիշխանության կորստի հետ կապված մտահոգություններ են տեսնում ընդդիմադիրները, օրինակ, այն ձեւակերպումն է մտահոգիչ, որ Հայաստանը կարող է վերպետական կառույցների միավորվել հանրաքվեով: Այս առնչությամբ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ո՞րն է լավ, որ հանրաքվեի միջոցով միավորվի Հայաստա՞նը, թե՞ ԱԺ-ի քվեարկությամբ, ասենք, կամ առանց դրա՝ արտգործնախարարի ստորագրությամբ: Ո՞ւմ վերապահել այդ լիազորությունը: Կարծում եմ, դա ավելի ժողովրդավարական տարբերակ է»:
Մեր դիտարկմանը, որ այդ ձեւակերպման տակ ավելի շատ տեսնում են Հայաստանը ՌԴ-ին միավորելու վտանգ՝ հաշվի առնելով, որ ռուսամետ դիրքորոշումն է գերիշխում հանրության շրջանում՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Եթե այդ վտանգն են տեսնում, կարող էին գրել, օրինակ, որ վարչապետի ստորագրությամբ Հայաստանը կարող է միավորվել վերպետական կառույցների: Եթե նույնիսկ այդ տեսանկյունից ենք նայում, որ Հայաստանը կարող է միավորվել Ռուսաստանին, այս դրույթով շատ ավելի դժվար գործընթաց է սահմանվում, քան մեկ այլ պետական մարմնի վերապահելով այդ իրավունքը»:
Ընտրիչների ինստիտուտի հետ կապված Հովհաննես Սահակյանն ասաց, որ տարբեր մոտեցումներ կան. «Ընտրիչներին կարող են ձեւավորել ուղղակի ընտրությունների միջոցով, կարող է ԱԺ-ն ընտրել: Իմ կարծիքով, եթե ընտրիչները ձեւավորվում են մեկ անգամ, ընտրությունը կատարում են ցրվում են, նախագահին տալիս ես անկաշկանդ գործելու իրավազորություն: Եթե ԱԺ-ի վրա է դա դրվում, նաեւ հետ կանչելու մեխանիզմներ ես ձեւավորում: Նախագահը ընտրվեց, նախագահի հրաժարականի տարբերակները սահմանված են Սահմանադրությամբ՝ հիվանդություն, քրեական հանցագործություն, դավաճանություն եւ այլն: Ինքը գործում է, այդ 7 տարին ինքն անկաշկանդ է: Նախագահին վերահսկելու առումով կան որոշակի մեխանիզմներ, որ իր դիմումի տակ պետք է ստորագրի համապատասխան նախարարը, օրինակ: Երբ ԱԺ-ն է ընտրում նրան, ինքը նաեւ հաշվետու է: Այս դեպքում, երբ նախագահը սահմանափակ լիազորություն ունի, դա բավականին նորմալ դրույթ է»:
Խմբակցությունում հանդիպումը դեռ շարունակվում է: Պատգամավորները վստահեցնում են, որ դեռ մի քանի ժամ այն կտեւի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ