Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետությունը տուն-թանգարանի կվերածի՞ իրեն նվիրած առանձնատունը

Սեպտեմբեր 02,2015 15:55

2006 թվականին նկարիչ Զաքար Խաչատրյանն ու նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանը Սիսիանում գտնվող իրենց երկհարկանի առանձնատունը նվիրել են պետությանը՝ Սիսիան քաղաքի մշակութային կյանքը խթանելու, մայրաքաղաքից հեռու գտնվող բնակավայրում արվեստի, մշակույթի նոր օջախ՝ տուն-թանգարան ստեղծելու մտադրությամբ:

Առանձնատան հետ միասին պետությանն են նվիրել նաև իրենց հողամաս-այգին, ավելի քան հարյուր գեղանկար, որոնք այժմ պահվում են Ազգային պատկերասրահում, քանդակներ, արժեքավոր իրեր, ինչպես նաև անվանի շատ նկարիչների ստեղծագործությունների՝ իրենց հավաքածուները:

Տուն-թանգարանի գաղափարը, սակայն, մինչ օրս իրականություն չի դարձել: Տարածքը «Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան» անվամբ այժմ գտնվում է Ազգային պատկերասրահի հաշվեկշռում և նրա տնօրինման ներքո:

Տուն-թանգարանի վարիչ Արևհատ Ամիրյանի փոխանցմամբ՝ տեղի բնակիչների՝ սիսիանցիների նախաձեռնությամբ 2014 թվականին իրականացվել են մի շարք աշխատանքներ: Մասնավորապես, սալապատվել է բակը, վերանորոգվել են սենյակները, ջեռուցման համակարգ է անցկացվել, սանհանգույց, կատարվել է սանիտարական ծառահատում: Սակայն Զ. Խաչատրյանի և Ա. Հովսեփյանի տուն-թանգարանը գործող դարձնելու համար կարևոր է լուծել մի քանի հիմնախնդիրներ ևս, որոնք օրերս Արևհատ Ամիրյանը գրավոր ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, երբ վերջինս աշխատանքային այցով գտնվում էր Սյունիքի մարզում և եղավ նաև հիշյալ տուն-թանգարանում:

«Մշակույթի նախարարի այցը համարում եմ խնդրի լուծման առաջին կարևոր քայլերից մեկը,- լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Ամիրյանը,- ճիշտ է, սիսիանցիների ջանքերով բավականին գործեր արվել են, բայց լուրջ տուն-թանգարան դառնալու ճանապարհին անհրաժեշտ է ձևավորել աշխատակազմ, կառուցել նոր ցուցասրահ, ամրացնել շենքի հիմնապատը, ավարտին հասցնել սենյակների ու տանիքի վերանորոգումը, տրամադրել անհրաժեշտ գույք (սեղաններ, աթոռներ, պահարաններ, համակարգչային տեխնիկա)»:

Մշակույթի նախարարի կարծիքով, տուն-թանգարանի հարցի՝ երկար տարիներ լուծում չստանալը պայմանավորված է հստակ հայեցակարգի և գործողությունների ծրագրի բացակայությամբ։

«Այդ հանձնարարականը շուտով կտրվի: Երկու արվեստագետներն էլ արժանի են ունենալու իրենց տուն-թանգարանը, բայց մինչ այդ մենք պետք է պատկերասրահի տնօրինության հետ հայեցակարգային քննարկում ունենանք, թե ինչպես ենք վերաբաշխում աշխատանքները, ցուցադրությունները և այլն։ Պետք է գրագետ նախագիծ պատրաստվի, ֆոնդապահոց նախատեսվի այդ գեղանկարների համար… Լուրջ աշխատանք կա անելու, սակայն ամեն ինչ կարվի, որ խնդիրը շուտափույթ լուծում ստանա»,- խոստացավ նախարարը։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930