Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիից փախչում են անգամ ծերերը. համատարած վաճառքի են հանված տները, վարսավիրանոցները

Սեպտեմբեր 02,2015 15:45

Գյումրիում լույս տեսնող «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ գյումրեցիների՝ իրենց թերթին տված հայտարությունները բացառապես անշարժ գույքի վաճառքի մասին են: «Եթե ասենք մի 5 տարի առաջ բնակարանների, անշարժ գույքի վաճառքի մասին հայտարարությունները կազմում էին ողջ հայտարարությունների 80 տոկոսը, հիմա կազմում են 98 կամ 99 տոկոսը: Անգամ վաճառքի են դրել նոր ստացած բնակարանները կամ նորակառույց շինությունները:

Երբեմն լինում են, մարդիկ գալիս են հայտարարարություն տալու, նստում զրուցում ենք, հարցնում եմ՝ ինչո՞ւ եք վաճառքի հանում, հիմնականում պատճառաբանում են, որ տեղափոխվում են, կամ ուսանող ունեն Երեւանում, տեղափոխվում են Երեւան, դրա համար են վաճառում, կամ հակառակ դեպքում ընտանիքներով տեղափոխվում են ՌԴ կամ այլ պետություն:

Եթե միայն գույքը վաճառեին, ես կարծիք չէի կազմի, թե մարդիկ փախնելու համար են վաճառում, կմտածեի՝ միգուցե փոփոխության համար են վաճառում, բայց երբ որ վաճառում են տան հետ միասին կամ երկու տուն ունեն, երկուսն էլ հանում են վաճառքի՝ գույքով, ամեն ինչով, եթե մարդը կամուրջներն այրում է ծննդավայրի հետ, ուրեմն մարդը փախնում, հեռանում է այստեղից:

Սպասարկման օբյեկտները նույնպես հանված են վաճառքի՝ ֆերմերային արտադրություններ կան վաճառքի հանված՝ եղած ողջ տեխնիկայով, սարքավորումներով: Էլեկտրոտեխնիկայի խանութներն են վաճառքի հանված, վարսավիրանոցներ են վաճառում:

Գյումրիում շատ վարսավիրանոցներ են բացվել, հավանաբար պատճառը դա է, չեմ էլ ուզում անգամ նշել: Ամեն դեպքում շատ են դեպքերը, երբ մարդիկ իրենց օբյեկտներն են վաճառում: Հայտարարությունների մեջ նշում են նոր վերանորոգված, սա նշանակում է մարդը հույս է կապել, որ նոր է կառուցել կամ վերանորոգել մի գործ շարունակելու համար, բայց տեսել է, որ չի ստացվում, ուղղակի վաճառում է ու այսպես անորոշության մեջ է մնում»:

Հարցին, թե կա՞ն գնորդներ, մեր զրուցակիցն ասում է ՝ բացարձակապես չկան, ամիսը մի անգամ կարող է միամիտ մեկը հայտնվել գյուղից, որը ուզում է քաղաք տեղափոխվել, կամ խոպանից ինչ-որ մեկը գալիս է մեծ գումարով:

Եպրաքսյա Մեխակյանի ասելով, երբեմն իրենք Երեւանի բնակիչներից են հայտարարություններ ստանում: Ըստ նրա, մայրաքաղաքի բնակիչները գիտենալով, որ մարդիկ Գյումրիից երբեմն փախնում են Երեւան, այդ հույսով գալիս հայտարարություն են տալիս:

Մեր հարցին՝ ականատես լինո՞ւմ եք արտագաղթի տխուր պատկերին, գյումրեցիներն ամեն օր թատրոնի շենքի մոտակայքից, ձեր խմբագրության դիմացից են համատարած ՌԴ տեղափոխվում, մեր զրուցակիցն ասաց. «Մեզ մոտ է գտնվում անձնագրերի թարգմանչական կենտրոնը, եւ ես ամեն օր տեսնում եմ՝ մեքենաներով ինչպիսի կուտակումներ են իրենց մոտ: Ինչպես նաեւ մեր դիմացի մայթից, Չուլոշնու տարածքից ամեն օր տեսնում եմ միկրոավտոբուսները, որոնք ճամպրուկներով քաղաքացիներ են տանում, իսկ գնացողները արդեն երիտասարդներ չեն, գնացածները արդեն տանում են իրենց ծնողներին: Անգամ նկատել եմ ծեր տատիկներ, մամաներ, պապաներ, ովքեր գնում են: Նախկինում երիտասարդ ընտանիքները միգուցե աշխատանք գտնելու համար մեկնել էին՝ Գյումրիում թողնելով ծնողներին, որ բնակարանները չվաճառեին, հայրենիքից վերջին հույսը չկտրվեր, բայց հիմա ծնողներին էլ են տանում:

Տրանսֆերտները ինչի՞ են կրճատվել, այնտեղ էլ մի բան չէ, չեն կարողանում երկու ընտանիք պահել, ստիպված ծնողներին էլ են տանում, որպեսզի մի ընտանիք դարձնեն, կարողանան այնտեղ յոլա գնալ: Ես խոսքս ուղղում եմ մեր իշխանություններին՝ եթե դուք չեք ուզում աղքատանալ, ժողովուրդ պահեք, որ աշխատեն, ձեր բյուջեն լցնեն, դուք էլ հարուստ մնաք»:

Ըստ մեր զրուցակցի, մեր երկրում կրթական համակարգն այնպիսի մի վիճակի են հասցրել, որ մարդը վախենում է իր երեխայի ապագայի համար: «Վառ օրինակն այն է, որ եթե կրթության նախարարը իր երեխային ուղարկի մասնավոր դպրոց, ես ինչպե՞ս կարող եմ հավատալ կամ նորմալ ընդունել պետական դպրոցների կրթական որակը, նույնը վերաբերում է առողջապահական հիմնարկներին, բարձրագույն կրթական հաստատություններին: Իրենց երեխաներին եվրոպական կրթական հաստատություններ են ուղարկում, ինչի՞ մասին է խոսքը, իրենք իրենց ձեռքով փրկում են իրենց երեխաներին, մեր երեխաներին փրկող չկա՞»,- հարցնում է մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930