Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում քաղաքացու` ընդդեմ «Մարաթուկ» տուրիստական ընկերության բողոքի քննարկումը դռնփակ նիստում ավարտվելուց հետո քաղաքացի Մելինե Բեգլարյանը եւ «Մարաթուկի» ներկայացուցիչ-իրավաբան Գնել Մուղնացյանը բանավեճը շարունակեցին հանձնաժողովի միջանցքում:
Մելինե Բեգլարյանը պնդում էր, որ տուրընկերությունը սպառողներին թյուրիմացության մեջ գցող տեղեկատվություն է հրապարակել, քանի որ այն չի համապատասխանել գովազդին: Նա իրավաբանին պատմում էր, որ ինքը զանգել է «Մարաթուկ»՝ Կրետե-Երեւան-Կրետե ուղեգիր ձեռք բերելու համար, քանի որ ըստ տուրընկերության գովազդի, փաթեթն արժեցել է 280 հազար դրամ, ինչը շատ լավ առաջարկ է եղել իր համար, սակայն նրան աշխատակիցը պատասխանել է, որ օգոստոսի 21-ից 27-ն է այդ առաջարկը գործում, մինչդեռ գովազդում գրված է, որ չվերթները հունիսի 30-ից են սկսվում:
Մելինե Բեգլարյանը խնդրել է տրամադրել համարժեք գնով մեկ այլ փաթեթ իրեն հարմար ժամանակահատվածում, սակայն, ինչպես նա է ասում, տուրընկերության աշխատակիցը պատասխանել է, որ հեռախոսով տեղեկատվություն չեն տալիս եւ պետք է տեղում ստանա ինֆորմացիան:
Կարդացեք նաև
Գնել Մուղնացյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստի ժամանակ հանձնաժողովը «Մարաթուկին» մեղադրել է անբարեխիղճ մրցակցության մեջ:
Հարցին, թե նիստի ընթացքում նա զգացե՞լ է կանխակալ մոտեցում «Մարաթուկի» նկատմամբ, պարոն Մուղնացյանն ասաց, որ ինքն իրավաբան է եւ չի կարող առանց փաստերի նման եզրահանգումներ անել եւ նման բան հայտարարել. «Կերեւա հանձնաժողովի կայացրած որոշումից, գործի արդյունքից: Մինչեւ փաստաթուղթը չլինի, ես չեմ կարող նման հարցերի պատասխանել»:
Հանձնաժողովի նիստում որոշվեց հարցի լսումը երկու շաբաթով հետաձգել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ