«Ոտքի, Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը սեպտեմբերի 2-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում շեշտեց, որ երեքշաբթի՝ սեպտեմբերի 1-ին «Ո՛չ թալանին» եւ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունները միասին են գործել: Ըստ նրա՝ նախաձեռնություններին հաջողվել է մոտենալ մի ձեւաչափի, որը հնարավորություն է ստեղծում ներգրավել ավելի լայն հասարակական զանգվածներ:
«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը սեպտեմբերի 11-ին հավաք երթ է կազմակերպել, հարցին՝ արդյոք «Ոտքի, Հայաստանը» միանալո՞ւ է այդ օրը «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. ««Ոչ թալանին» նախաձեռնության երիտասարդները երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո միացան այն գործողություններին, որ մենք անում էինք Հանրապետության հրապարակում եւ այդ ժամանակ մենք ձեռք բերեցինք նախնական պայմանավորվածություն, արտահայտվեց այդ ցանկությունը բոլորի կողմից, միասնական գործել»:
Նա ներկաներին տեղեկացրեց, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը պատրաստակամություն է հայտնել սեպտեմբերի 4-ին մասնակցել «Ոտքի Հայաստանի» հավաքին, իսկ իրենք էլ պատրաստակամություն են հայտնել մասնակցել սեպտեմբերի 11-ի հավաք երթին. «Ես շատ կարեւոր եմ համարում երեկվա այդ երեւույթը, այդ փաստը, որ կայացավ վերջապես: Կյանքը ստիպեց մեզ, կարելի է ասել, իրադարձությունները զարգացան այնպես, որ երկու նախաձեռնություններն էլ տեսնում են համատեղ գործելու անհրաժեշտությունը եւ իրականում, բացակայում է որեւէ պատճառ միասնական չգործել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ