Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

 Հայ ջազմեն. «Երեւանը մինչեւ Քոչարյանն էլ էր ջազ լսում» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2015 14:52

Սեպտեմբերի 2-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հյուրընկալվել էին Գերմանա-հայկական երաժշտական միության ղեկավար, ջութակահար Անի Աղաբեկյանը, Գերմանիայի Կարլսռուհե քաղաքի երաժշտական համալսարանի դասախոս, հայտնի սաքսոֆոնահար Պետեր Լեհելը, հայտնի դաշնակահար Վահագն Հայրապետյանը:

Անի Աղաբեկյանը նշեց, որ Գերմանա-հայկական երաժշտական միության նպատակն է կապել հայ եւ գերմանացի երաժիշտներին, ու իրենք արդեն երկրորդ անգամ են Հայաստանում ծրագիր իրականացնում: Նաեւ նշեց, որ Պետեր Լեհելը վարպետության դասընթաց կանցկացնի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների հետ, նախատեսված են նաեւ ջազային համերգներ, այդ թվում՝ Վահագն Հայրապետյանի, Արման Ջալալյանի, Արմեն Հյուսնունցի, Դավիթ Գյոդակյանի մասնակցությամբ:

Պետեր Լեհելը հայտնեց, որ իր տպավորությամբ ֆանտաստիկ են նվագում հայ երաժիշտները, անգամ իր գործերը, որոնք ինչ-որ առումով առանձնահատուկ են: Հավելեց, որ շատ հուզվել է Հայաստան թռչելիս, երբ օդանավում հանդիպել է ֆուտբոլային աստղ Հենրիխ Մխիթարյանին, որը երաժշտի ասելով համեստ էր՝ այդքան հայտնի մարզիկ լինելով հանդերձ:

Վահագն Հայրապետյանը հավելեց, որ այս օրերին ի թիվս այլ գործերի, կատարվելու են Լեհելի ստեղծագործությունները, հիմնականում օրիգինալ ստեղծագործություններ:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, սաքսոֆոնահար Լեհելը հայտնեց, որ Գերմանիայում, ինչպես բոլոր երկրներում, մեծամասամբ փոփ են լսում, սակայն վերջին տարիներին իրենց համալսարանում ջազի ուսուցման մակարդակը բարձրացել է՝ նպաստելով ջազասերների թվի աճին:

Մեր դիտարկմանը, որ ջազային երաժշտությունը մի ժամանակ ասոցացվում էր ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի հետ, Վահագն Հայրապետյանը պատասխանեց. «Երեւանը մինչեւ Քոչարյանն էլ էր ջազ լսում: Երեւանը ջազ է լսում ՝ անկախ նախագահներից, նախագահները փոխվում են, ունկնդիրը չի փոխվում, մեր այսօրվա նախագահն էլ է իր կնոջ հետ ջազ լսում, գալիս է մեր համերգներին, նույնիսկ սատարում»:

Մեր ռեպլիկին, որ մի անգամ Նինո Կատամաձեն հումորով ասել է, թե Վահագն Հայրապետյանը իրենից տաղանդավոր է, ինչի համար ատում է իրեն, հայ ջազմենը պատասխանեց. «Հումորով չի ասել, լուրջ է ասել»:

Խոսելով ջազային երաժշտության մասին, նա հավելեց, որ ջազը դարձել է միջազգային մասշտաբի երաժշտություն.«Ճյուղավորումները շատ են, մեր աշուղներն էլ մեր ջազմեններն են եղել, իմպրովիզատորները, Շերամը եւ մյուսները նույնպես ջեմ-սեշըններ են արել…Ի դեպ, ի տարբերություն, դասական երաժշտության համերգի, ջազի ամբողջ հմայքը տեղում կայանալիք կոնտակտն է, տեղում բան է ստեղծվում, որի ներկան հանդիսատեսն է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930