Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահմանադրական «էշություններից» մինչեւ Աշոտյանի երեխայի վճարովի դպրոց

Սեպտեմբեր 02,2015 14:22

«Դոկտոր-պրոֆեսոր մարդը ինձ հետ խոսում է, հետո ասում է`դուք ճիշտ եք ասում, պարոն Իսագուլյան, բայց…»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում, փակագծեր բացելով իր եւ սահմանադրական բարեփոխումներն իրականացնող մասնագիտական հանձնաժողովի անդամներից մեկի հետ զրույցից, ասաց Ազգային անվտանգություն կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը: Նա պատրաստ էր անուն էլ հրապարակել, բայց իր հետ բանավիճող ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը թույլ չտվեց`հորդորելով, եթե որեւէ մեկին ասելու բան ունի, թող իրեն ասի: Գառիկ Իսագուլյանի վերաբերմունքը չի փոխվել նախագծի ամբողջական տեքստի վերաբերյալ`«տաֆտալոգիա է, էշություն»:

«Առաջին յոթ գլխում որոշակի կոսմետիկ փոփոխություններ արվել են, բայց դրանք ոչինչ չեն փոխում: Մասնագիտական հանձնաժողովը տեսական հղումներ է անում ու չի կարողանում կոնկրետ պատասխաններ տալ, թե ո՞ր կետը ի՞նչ է փոխելու ՀՀ քաղաքացու, մեր երկրի կյանքում»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը`հավելելով, որ ցավ է ապրում, երբ լուրջ գիտնական իրավաբանը «ինքն իրան խաբում է ու իր խաբածին ուզում է հավատալ»:

Մաթեմատիկոս Գառնիկ Իսագուլյանը չորրորդ դասարանի թվաբանություն է արել ու ասել, որ 89 հոդվածում`ընտրությունների երկրորդ փուլի հետ կապված, վտանգ կա, որ ոչ կայուն մեծամասնություն ստացած մի կուսակցություն կարող է մեխանիկորեն դառնալ կայուն մեծամասնություն: Մասնագիտական հանձնաժողովի անդամները ականջալուր են եղել ու փոփոխություն են արել: Գառնիկ Իսագուլյանը հաջորդ թվաբանությունն է արել ու եկել այն եզրակացության, որ տեսականորեն միանգամայն հնարավոր է, որ 5 տոկոս հավաքած կուսակցությունը կարող է կայուն մեծամասնություն ունենալ:

«Ենթադրությունների, ֆանտազիայի եւ անհասկանալի մտածողության դաշտից է, մեր կյանքի ու իրողության հետ կապ չունեն, մարդկանց մասին էլ իրենց ասեք»,- միջամտեց ՀՀԿ-ական պատգամավորը` հավելելով. «Շատ խոսելը դեռ չի նշանակում շատ բան ասել, անընդհատ խոսում եք, թվում է թե բան եք ասում»:

ՀՀԿ-ական պատգամավորը սկսեց հիմնավորել, որ այս բարեփոխումները հանրային պահանջի արդյունքում են իրականացվում, քանզի թե քաղաքական, թե հասարակական շատ ուժեր տարիներ շարունակ խոսել են փոփոխությունների մասին:

«Ձեր բոլոր հարցերը կարող էին պատասխաններ ստանալ ընտրական օրենսգրքում»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը`վրդովմունքը հայտնելով նախագահի ինստիտուտի վերաբերյալ. «Եթե նախագահը գնա արտասահման, Հրանուշ Հակոբյանը պիտի նրա հրամանագրի վրա վիզա դնի: Անունը դրել եք «երկրի գլուխ», էդ ի՞նչ գլուխ է, որ նախարարի թույլտվությամբ պիտի տուալետ գնա: Մեկ ա էդ նախագահը զրո է, գոնե խելոք լինեիք ընդդիմությանը տայիք: Դուք, ունենալով խորհրդային միության կրթություն, ոչ թե ոնց որ էս նորելուկ իրավաբանները, ուզում եք ինձ համոզել, որ խելոք բա՞ն եք գրել»:

Մկրտիչ Մինասյանը կոռեկտության կոչ էր անում Գառնիկ Իսագուլյանին`ասելով, որ «էժան էֆեկտ է ուզում ստեղծել»: «Եթե կան առաջարկներ, որոնք պիտի բարելավեն նախագիծը, մենք պատրաստ ենք լսել, քննարկել, հաշվի առնել»,- ասաց նա:

Բանավեճը շարունակվեց արդեն պատերազմական իրավիճակներում երկրի ղեկավարի դրույթի շուրջ: «Ուրեմն խաղաղ ժամանակ պաշտպանության նախարարը ինչ էշություն ասես անի, խեղճ վարչապետը հետո տակից դուրս գա՞»,- վրդովվեց Գառնիկ Իսագուլյանը`հավելելով. «Նախագահը, որն իմ ընկերն է, ի տարբերություն շատերի, ես նրան հարգում եմ, ես նրա հետ միշտ վիճում եմ, քննարկում եմ, իսկ դուք լուռ լսում եք, հետո իրա ասածները այլ կերպ եք մատուցում`վարկաբեկելով ձեզ էլ, իրեն էլ»,- ոչ Մկրտիչ Մինասյանին, այլ համակարգի ներկայացուցիչներին նկատի ունենալով ասաց Գառնիկ Իսագուլյանը ու ի քիչ հետո էլ թեմայից շեղվեց. «Աշոտյանը իր երեխային տանում է վճարովի դպրոց, տեր Մեսրոպ Քահանա Արամյանի դպրոցը, պետությունը դպրոցին փող է տալիս, բայց ուսուցիչների վերապատրաստման գործը տերտերին եք վստահել, Աշոտյանն էլ ջիպերով անգլիացիների հետ ֆռֆռում է: Տեսեք այդ ամենը եւ խղճացեք ժողովրդին»:

Ազգային անվտանգություն կուսակցությունն, ի դեպ, դիմել է նախագահ Սարգսյանին`հանդիպելու եւ քննարկելու սահմանադրական բարեփոխումների նախագիծը, ամսի 4-ին, խորհրդարանական քննարկումներին էլ մասնակցելու են: Նախագահից դեռ պատասխան չեն ստացել:

«Արթուր Բաղդասարյանին հոգեպես, ֆիզիկապես, մարմնապես տանել չեմ կարողանում, բայց պատրաստ եմ իր հետ նստել ու քննարկել: Դրա համար եմ դիմել երեք նախագահներին, որ հանդիպեն ու պայմանավորվեն հանրաքվեի լեգիտիմության շուրջ»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Մկրտիչ Մինասյանն էլ անկեղծացավ եւ պատմեց, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ քաղխորհրդի նիստում ասել է`ամեն ինչ անելու ենք, որ երկրի ապագան անձերից կախված չլինի, այլ համակարգից:

«Լսեք ուրիշների կարծիքը եւ մի փաթաթեք ձեր կարծիքը, որպես բացարձակ ճշմարտություն: Ձեր հոգու եւ սրտի տվայտանքներն էլ հանձնեք թղթին եւ փոխանցեք մասնագիտական հանձնաժողովին»,- Գառնիկ Իսագուլյանին հորդորեց Մկրտիչ Մինասյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930